Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ Սինգապուրում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ։
Հանդիպումից հետո Զելենսկին հայտարարել է, որ Պենտագոնի ղեկավարի հետ քննարկել են Կիևի պաշտպանական կարիքները, ուկրաինական հակաօդային պաշտպանության ամրապնդմանը, F-16 կործանիչների մատակարարմանը, ինչպես նաև անվտանգության երկկողմ համաձայնագրի նախապատրաստմանը վերաբերող հարցեր։
Ուկրաինայի առաջնորդը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Ռուսաստանի տարածքում թիրախներին հարվածելու թույլտվության համար: Ըստ Ուկրաինայի նախագահի՝ հարվածների նպատակը ռուսական զորքերին դիմակայելն է, որոնք փորձում են ընդլայնել մարտական գոտին։
Մայիսի վերջին ամերիկյան լրատվամիջոցները հաղորդեցին, որ Բայդենն «անաղմուկ լիազորել է Կիևին» Նահանգների մատակարարած զենքերով հարվածել Ռուսաստանի ներսում գտնվող ռազմական օբյեկտներին։
Ավելի ուշ Պենտագոնը հաստատեց, որ Կիևը կարող է դրանք օգտագործել Խարկովի մարզի սահմանի մոտ գտնվող թիրախներին հարվածելու համար։ Միաժամանակ, շարունակում է արգելված մնալ հեռահար ATACMS հրթիռների կիրառումը։
Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունը դաշնակիցներին հորդորել էր թույլ տալ, որ բանակն արևմտյան զենքն օգտագործի նաև Ռուսաստանի տարածքում ռազմական թիրախներին հարվածելու համար։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, Եվրամիության արտգործնախարարն ու մի շարք երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հայտարարել են, որ Կիևը նման հարվածների իրավունք ունի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան կարող է հաղթել ՆԱՏՕ-ի կողմից ամուր աջակցությամբ. Ստոլտենբերգ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բեռլինն Ուկրաինային թույլատրեց գերմանական զենքով հարվածել Ռուսաստանի տարածքի թիրախներին