Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն այսօր ասել է, որ D-8 երկրների՝ Զարգացող երկրների տնտեսական համագործակցության խմբի արտահերթ նիստը գումարվել է պաղեստինցիներին աջակցություն հայտնելու համար:
Նրա փոխանցմամբ, Գազայի հատվածում ընթացող պատերազմը «մարտահրավեր է ամբողջ համաշխարհային ժողովրդավարությանը»։
D-8 խմբի կազմում են Թուրքիան, Իրանը, Եգիպտոսը, Նիգերիան, Բանգլադեշը, Ինդոնեզիան, Մալայզիան և Պակիստանը:
«Նախարարների խորհրդի այս արտահերթ նիստը նպատակ ունի մոբիլիզացնել մեր հետագա աջակցությունը և մեր համերաշխությունը հայտնել Պաղեստինին: Գազայի հատվածը հիմա առավել քան երբևէ ունի հույսի և աջակցության կարիք, բայց նախևառաջ գործողություններ են անհրաժեշտ»,- ասել է Ֆիդանը բացման խոսքում:
Նրա փոխանցմամբ, պատերազմը սաստկացնելու Իսրայելի քաղաքականության հետևանքով մարդիկ սպառնալիքների տակ են հայտնվել թե՛ Գազայի հատվածում և թե՛ ամբողջ տարածաշրջանում: Դրա մասին են վկայում Եգիպտոսի սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպը, Լիբանանի թիրախավորումը և Սիրիայում Իրանի հյուպատոսությունը հարվածի ենթարկելը:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը խստորեն քննադատել է Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները «Համաս» զինյալ խմբավորման դեմ: Այդ կառույցը Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում ահաբեկչական է ճանաչվել:
Անկարան դադարեցրել է Իսրայելի հետ երկկողմ առևտուրը, հայտարարելով, թե այն չի վերականգնի, քանի դեռ պատերազմը չի ավարտվի, և օգնությունն անարգել չի հասնի Գազա: