Զապորոժիեի ատոմակայանում միջուկային անվտանգության իրավիճակը վատթարանում է. ԱԷՄԳ

Արխիվ

Զապորոժիեի ատոմակայանում միջուկային անվտանգության իրավիճակը վատթարանում է կայանի տարածքում գտնվող ճանապարհին անօդաչու թռչող սարքի հարվածից հետո, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տնօրեն Ռաֆայել Գրոսսին։

Ուկրաինան և Ռուսաստանը դեռ չեն մեկնաբանել Գրոսսիի հայտարարությունը։

Երեքշաբթի ԱԷՄԳ-ն զեկուցել էր օգոստոսի 11-ին Զապորոժիեի ատոմակայանի հովացման աշտարակի նախնական գնահատման մասին, որը վնասվել էր օգոստոսի 11-ին բռնկված հրդեհից: Գործակալությունը նշել է, որ իր ներկայացուցիչները ստուգել են ռուս զինվորականների կողմից վերահսկվող կայանի վնասված օբյեկտը, սակայն հրդեհի պատճառների մասին վերջնական եզրակացություններ դեռ չեն արվել։

Մոսկվան և Կիևը ավելի վաղ մեղադրանքներ էին փոխանակել հրդեհի առնչությամբ։ Ռուսական իշխանությունները պնդում են, որ դա առաջացել է անօդաչու թռչող սարքի միջոցով Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով։ Ուկրաինան մեղադրել է ռուսական կողմին՝ պատճառաբանելով հնարավոր անփութությունը կամ հրկիզումը։