Ըստ Փաշինյանի՝ Ոստիկանության հակազդեցությունը եղել է «իրավաչափ և պրոֆեսիոնալ»

101 մարդու վիրավորման պատճառ դարձած ոստիկանության երեկվա գործողությունից ժամեր անց վարչապետ խորհրդարանի ամբիոնից այսօր պնդեց, թե ոստիկանության հակազդեցությունը եղել է «իրավաչափ և պրոֆեսիոնալ»։

Նա մեղադրեց ցուցարարներին, ոստիկանության պատը ճեղքելու համար՝ պնդելով՝ «որպեսզի հարձակում գործեն խորհրդարանի վրա»: Իսկ ոստիկանությունը, ըստ գործադիրի ղեկավարի, պաշտպանել է օրենսդիր ինստիտուտը:

Փաշինյանը նաև տվյալներ ներկայացրեց՝ նշելով, որ տուժել է 18 ոստիկան և 83 քաղաքացի, բոլոր վնասվածքները եղել են թեթև և միջին ծանրության, այս պահին հոսպիտալացված է 16 անձ:

«Երեկ այս դահլիճում ինձ նկար էին ցույց տալիս ու փորձում համոզել, որ քաղաքացու ձեռք է պոկվել, մինչդեռ ակնհայտ է, որ նման բան չկա: Քաղաքացին վիրահատվել է, և նրա ձեռքի մատներից 3 հեռացվել են, ինչի համար ցավում եմ», - ասաց Փաշինյանը։

Վարչապետը նաև պնդեց՝ ըստ կարդրերի, քաղաքացին ինքն է վերցրել հատուկ միջոցը գետնից, «այսինքն՝ եթե չվերցներ, դա տեղի չէր ունենա»:

Your browser doesn’t support HTML5

Ոստիկանությունն ԱԺ-ի մոտ լուսաձայնային նռնակներ է կիրառում

Վարչապետը նաև հայտարարեց՝ տեղի ունեցած զանգվածային անկարգությունների սադրիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն: «Մենք չենք եղել և չենք լինի թույլ իշխանություն», - ասաց գործադիրի ղեկավարը։

Երեկ խորհրդարանի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ եղան, ոստիկանությունը հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակներ կիրառեց։

Առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ 101 քաղաքացիական անձ է դիմել բուժօգնության, այսօր առավոտյան 85-ը դուրս է գրվել։ ՆԳՆ-ն էլ հաղորդել էր վիրավորված 16 ոստիկանի մասին։ Հատուկ միջոցներից տուժածների թվում նաև ԶԼՄ ներկայացուցիչներ կան։

Շարժումն առաջնորդող Բագրատ սրբազանը ոստիկանական գործողությունները որակել է «ահաբեկչություն» խաղաղ հավաքի մասնակիցների, ինչպես նաև ԱԺ հարևանությամբ գտնվող այգում եղած քաղաքացիների նկատմամբ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 98 տուժած, մոտ 100 բերման ենթարկված ԱԺ-ի մոտից՝ հատուկ միջոցների կիրառումից հետո
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հարձակում», «ահաբեկչություն». իշխանության և ընդդիմության գնահատականները խորհրդարանի մոտ դեպքերին