Բայդենն ու Մակրոնը մոտ օրերս պատրաստվում են հայտարարել «Հեզբոլա»-ի և Իսրայելի միջև հրադադարի մասին․ Reuters

Բեյրութի հարավային արվարձանը իսրայելական հարվածից հետո, 26-ը նոյեմբերի, 2024թ․

Ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը շուտով կհայտարարեն Լիբանանում «Հեզբոլա»-ի և Իսրայելի միջև հրադադարի մասին, երկուշաբթի օրը հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով լիբանանյան չորս բարձրաստիճան աղբյուրների:

«Մենք մոտ ենք», բայց «ոչինչ չի արվել, քանի դեռ ամեն ինչ չի արվել»,- Վաշինգտոնում հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության խոսնակ Ջոն Քիրբին։

Ֆրանսիայի նախագահականից ասել են, որ հրադադարի շուրջ բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել: Երուսաղեմում իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան էլ հայտարարել է, որ իսրայելական կողմը երեքշաբթի օրը կհանդիպի «Հեզբոլա»-ի հետ՝ զինադադարը հաստատելու համար:

«Հեզբոլա»-ն ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել, Եվրամիությունը նրա միայն զինյալ թևն է ներառել իր սև ցուցակում, ոչ քաղաքականը։

Զինադադարի շուրջ առաջնընթացի նշաններին զզուգահեռ Իսրայելը շարունակում է զանգվածային ավիահարվածները Բեյրութի հարավային արվարձաններին, ինչպես Իսրայելն է նշում, «Հեզբոլա»-ի թիրախներին։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հրաժարվել է մեկնաբանել համաձայնագրի տեսքտի շուրջ Իսրայելի ու Լիբանանի համաձայնության մասին լուրերը։

Այնուամենայնիվ, իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին ասել է, որ երեքշաբթի՝ նոյեմբերի 26-ին կկայանա կառավարության նիստը, որը կհաստատի տեքստը:

Նախօրեին Միացյալ Նահանգներում Իսրայելի դեսպանն էր հայտարարել, որ Իսրայելի և Լիբանանում տեղակայված «Հեզբոլա»-ի միջև հրադադարի մասին համաձայնագիրը կարող է ձեռք բերվել «մի քանի օրերի ընթացքում»:

Մայք Հերցոգն ասել էր, որ տեքստը վերջնականացնելու մի քանի կետ է մնացել, և որ ցանկացած գործարք պահանջում է կառավարության համաձայնությունը։

Դեռևս չհամաձայնեցված խնդիրների թվում Իսրայելի պահանջն է՝ իրեն վերապահել գործելու իրավունքը, եթե «Հեզբոլա»-ն խախտի ձևավորվող գործարքով ստանձնած իր պարտավորությունները: Գործարքը նպատակ ունի դուրս բերել «Հեզբոլա»-ի և իսրայելական զորքերին հարավային Լիբանանից:

Գազայից բացի Իսրայելն ավիահարվածներ է հասցնում Լիբանանի տարածքին՝ այստեղ էլ «Հեզբոլա» զինյալ խմբավորմանը ոչնչացնելու նպատակով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լիբանանում հրադադարի հասնելու ջանքերն առաջին դրական նշաններն են ցուցաբերում․ Reuters