Մատչելիության հղումներ

Լիբանանում հրադադարի հասնելու ջանքերն առաջին դրական նշաններն են ցուցաբերում․ Reuters


Բեյրութի հարավային արվարձաններն իսրայելական հարվածներից հետո, 14-ը նոյեմբերի, 2024թ․
Բեյրութի հարավային արվարձաններն իսրայելական հարվածներից հետո, 14-ը նոյեմբերի, 2024թ․

Լիբանանում հրադադարի հասնելու դիվանագիտական ջանքերն առաջին դրական նշաններն են ցուցաբերում, հաղորդում է Reuters-ը։

Վկայակոչելով լիբանանյան քաղաքական երկու բարձրաստիճան աղբյուրների, գործակալությունը նշում է, որ Լիբանանում ԱՄՆ դեսպանը հինգշաբթի օրը զինադադարի առաջարկի նախագիծ է ներկայացրել Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերիին՝ առանց մանրամասներ ներկայացնելու։

Աղբյուրները նշում են, որ նախագիծը Վաշինգտոնի առաջին գրավոր առաջարկն է Իսրայելի և «Հեզբոլա»-ի միջև ռազմական գործողություններն առնվազն մի քանի շաբաթում դադարեցնելու ուղղությամբ։

«Սա լիբանանյան կողմի դիտարկումները ստանալու նախագիծ է», - Reuters-ին ասել է աղբյուրներից մեկը:

Բեյրութում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչն էլ տեղեկացրել է, որ «դիվանագիտական համաձայնության հասնելու ջանքերը շարունակվում են»:

Դեռ հոկտեմբերին Լիբանանի վարչապետը հավանական էր համարել, որ մինչև ամսվա վերջ հրադադար հաստատվի։

Այն ժամանակ, աղբյուրներն ասում էին, որ դա կհանգեցնի նախնական 60-օրյա զինադադարի, Իսրայելը զորքերը դուրս կբերի Լիբանանից, որին կհաջորդի մշտական հրադադարը։

Հինգշաբթի օրը Իսրայելի էներգետիկայի նախարար և անվտանգության կաբինետի անդամ Էլի Կոհենն ասել է, որ հրադադարի հասնելու հեռանկարներն ամենահավանականն են հակամարտության մեկնարկից ի վեր։

Reuters-ը նշում է, որ Բայդենի վարչակազմը փորձում է խաղաղություն հաստատել նախքան հունվարին նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման մեկնարկը։

The Washington Post-ն էլ գրում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շտապում է հրադադար հաստատել Լիբանանում՝ Թրամփի արտաքին քաղաքականության վաղաժամ հաղթանակը ապահովելու համար, որն, ինչպես ակնկալվում է, հստակ կաջակցի Իսրայելին:

Այս հայտարարությունների ֆոնին իսրայելական ուժերը երեք օր անընդմեջ հարվածել են Բեյրութի «Հեզբոլա»-ի կողմից վերահսկվող շրջաններին։ Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը երեկ հայտնել է հինգ զոհի մասին։

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 3000 մարդ, ավելի քան 14 հազարը վիրավորվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG