Ըստ Կրեմլի՝ Վաշինգոնը սրում է պատերազմն Ուկրաինայում

ATACMS, արխիվային լուսանկար

Ամերիկյան սպառազինությամբ Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների խոցման սահմանափակումները վերացնելով Վաշինգոնը սրում է պատերազմը Ուկրաինայում, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նախօրեին արևմտյան մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնել են, որ Բայդենի վարչակազմը թույլ է տվել ուկրաինացիներին ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի տարածքին։

Reuters-ը, AP-ը, The New York Times-ը, The Washington Post-ը գրել են, թե Սպիտակ տան այդ որոշումը պատասխանն է Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի կողմից հյուսիսկորեացի զինվորականների օգտագործմանը։

ԱՄՆ նախագահի աշխատակազմը դեռ չի հաստատել լուրը։

Ռուսաստանի նախագահի խոսնակն, արձագանքելով լրատվամիջոցների հաղորդումներին, հայտարարել է՝ նման որոշումը բոլորովին նոր իրավիճակ է ստեղծում։

«Սա լարվածության որակական նոր փուլ է, և որակապես նոր իրավիճակ՝ այս հակամարտությունում ԱՄՆ-ի ներգրավվածության տեսանկյունից։ Միացյալ Նահանգների հեռացող վարչակազմը թեժացնում է հակամարտությունը», - հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ արևմտյան լրատվամիջոցների՝ Բայդենի վարչակազմը թույլատրել է ուկրաինացիներին ամերիկյան զենքով հարվածել ՌԴ տարածքին