Արևմտյան լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրներին, հաղորդում են, թե Բայդենի վարչակազմը թույլ է տվել ուկրաինացիներին ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի տարածքին։
Reuters-ը, AP-ը, The New York Times-ը, The Washington Post-ը գրում են, թե սրանով Սպիտակ տունն արձագանքում է հյուսիսկորեացի զինվորների Ռուսաստան տեղափոխելու և ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու՝ Կրեմլի վերջին որոշումներին։
Բայդենի վարչակազմն այս լուրերը դեռ չի հաստատել։ «Ազատություն»-ը դիմել է Սպիտակ տանն ու Անվտանգության խորհրդին, երկուսն էլ հրաժարվել են մեկնաբանություններից։
Ուկարինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուղիղ տեքստով չի հաստատել, բայց գրել է, որ այդ թույլտվությունն իր ներկայացրած խաղաղության պլանի կետերից մեկն էր։ Միաժամանակ, Զելենսկին ընդգծել է՝ պետք է խոսքից գործի անցնել․ - «Պետք է խոսեն ոչ թե հրապարակումները, այլ հրթիռները», - ասել է նա։
Եթե այս լուրերը պաշտոնապես հաստատվեն, դա արմատապես կփոխի ԱՄՆ քաղաքականությունը ռուս-ուկրաինական պատերազմում։
Մինչ այդ, լրատվամիջոցները տարբեր տեղեկություններ են հաղորդում որոշման մանրամասների վերաբերյալ, որոնք առանցքային նշանակություն կարող են ունենալ։ Օրինակ, դեռ հստակ չէ՝ Բայդենի վարչակազմի այս որոշումը վերաբերում է միայն Կուրսկի՞ն (ինչի մասին գրում է, օրինակ, The New York Times-ը ), թե՞ նաև Ռուսաստանի այլ շրջաններին։ Պարզ չէ նաև՝ սահմանափակումները վերացվել են միայն մինչև 300 կմ հեռահարությամբ ամերիկյան ATACMS հրթիռների՞ համար, թե՞ նաև բրիտանական և ֆրանսիական՝ ավելի մեծ հեռահարություն ունեցող Storm Shadow և SCALP հրթիռների։
Ֆրանսիական Le Figaro թերթը, որը նախօրեին հայտնել էր, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ԱՄՆ-ի հետ միասին հանել են արևմտյան զենքի կիրառման սահմանափակումները, այսօր առավոտյան խմբագրել է իր հոդվածը։ Այժմ պարբերականը նշում է միայն, որ քննարկվում է նման հնարավորություն։ Մինչ այդ, ԵՄ արտգործնախարար Ժոզեպ Բորելն է հույս հայտնել, որ ԵՄ անդամներին կհաջողվի այս հարցում համաձայնության գալ։
«Ես արդեն մի քանի անգամ ասել եմ, որ Ուկրաինան պետք է կարողանա օգտագործել այն զենքը, որը մենք տրամադրել ենք», - ասել է նա։
«Սա ուղերձ է Կրեմլին, որ մենք պարզապես չենք հանձնվում ու սպասում Թրամփին։ Միացյալ Նահանգները չի հեռանում», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է ԱՄՆ ցամաքային զորքերի նախկին հրամանատար Բեն Հոջեսը, հավելելով՝ «սա կարող է ճակատագրական հարված հասցնել Ռուսաստանին պատերազմի այս կարևոր պահին»։
Կրեմլի խոսնակը շտապել է զգուշացնել՝ եթե Բայդենի վարչակազմն իսկապես նման որոշում է կայացրել, դա կստեղծի բոլորովին նոր իրավիճակ։
«Սա լարվածության որակական նոր փուլ է և որակապես նոր իրավիճակ՝ այս հակամարտությունում ԱՄՆ-ի ներգրավվածության տեսանկյունից։ Միացյալ Նահանգների հեռացող վարչակազմը թեժացնում է հակամարտությունը», - պնդել է Դմիտրի Պեսկովը։
Նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի ամիս առաջ հայտարարել էր՝ եթե Արևմուտքը Ուկրաինային թույլ տա հեռահար հրթիռներով հարվածել Ռուսաստանի տարածքին, դա կնշանակի՝ ՆԱՏՕ-ն անմիջականորեն ներգրավվում է Ռուսաստանի դեմ պատերազմում։ Պուտինը սպառնացել էր, թե Ռուսաստանը համարժեք արձագանք կտա՝ առանց մանրամասները ներկայացնելու։
Սպառնալիքներին զուգահեռ՝ Կրեմլը վերջին օրերին ավելի է սաստկացրել ուկրաինական բնակավայրերի ու ենթակառուցվածքների հրթիռակոծությունը։ Նախօրեին թիրախում է եղել Սումիի շրջանի բնակելի շենքերից մեկը, ռուսական հարվածներից 11 մարդ է զոհվել, շուրջ 90-ը՝ վիրավորվել։ Մի շարք շրջաններում ընդհատվել է ջրի ու էլեկտրաէներգիայի մատակարարումը։
Այս ֆոնին Bloomberg-ը գրում է, թե Թուրքիայի նախագահն է մտադիր հակամարտության սառեցման ծրագիր ներկայացնել Մեծ քսանյակի՝ այսօր մեկնարկող գագաթնաժողովում։ Ըստ գործակալության, Էրդողանն առաջարկում է առնվազն 10 տարով հետաձգել Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, ապառազմականացված գոտի ստեղծել և միջազգային զորքեր տեղակայել Դոնբասի արևելքում ՝ «որպես հրադադարի լրացուցիչ երաշխիք»։ Էրդողանի ծրագրի մեկ այլ կետով Արևմուտքը պետք է երաշխավորի Ուկրաինային ռազմական մատակարարումների շարունակումը՝ ՆԱՏՕ-ին չմիանալու համաձայնության դիմաց: Թուրք պաշտոնյաները գործակալությանը հայտնել են՝ որքան էլ դժվար լինի այս ծրագրի ընդունումը Ուկրաինայի համար, դա, իրենց կարծիքով, «ամենաիրական մոտեցումն է»։ Կրեմլի խոսնակը, մեկնաբանելով այս մասին տեղեկությունները այսօր ասել է, թե հակամարտության սառեցումն անընդունելի է Ռուսաստանի համար։