Կառավարության հրաժարականի մասին ուղերձի նախագիծն այսօր Պետաիրավական հանձնաժողովի օրակարգում էր ընդգրկվել։ Նիստը վարող ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանը տեղեկացրեց, որ հիմնական զեկուցող Արծվիկ Մինասյանը ներկա չէ նիստին։ 5 րոպե սահմանած ընդմիջումից հետո, Ջուլհակյանը հայտարարեց, որ Ազգային ժողով կանոնակարգ օրենքի համաձայն, եթե նախագծի հիմնական զեկուցողը չի ներկայանում քննարկմանն, ապա նախագծի քննարկումը հետաձգվում է մինչև 2 ամիս ժամկետով։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն «Ազատության» հետ զրույցում մինչդեռ պնդեց՝ Պետաիրավական հանձնաժողովի այս որոշումը ոչ մի կապ չունի երկուշաբթի օրը հրավիրվելիք կառավարության հրաժարականի հարցով ընդդիմության հրավիրած արտահերթ նիստի հետ։
«Արտահերթի Նիստի օրակարգում այս հարցը կա ու անկախ հանձնաժողովի եզրակացության առկայությունից այդ հարցը քննարկման ենթակա է: Սա ես գնահատում եմ որպես ՔՊ-ական մանր ժուլիկություն», - նշեց Մինասյանը:
Your browser doesn’t support HTML5
Ավելի ուշ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ևս հայտարարեց, որ հունիսի 17-ին նախատեսված ԱԺ նիստը կայանալու է։
«Հունիսի 17-ին նախատեսված նիստը շնորհիվ ընդդիմադիր խմբակցությունների՝ ԱԺ մուտքագրած ուղերձի նախագծի գումարվելու է», - ասված է շարժման հայտարարության մեջ։
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախօրեին միջնորդություն էին ներկայացրել ԱԺ խորհուրդ՝ պահանջելով կառավարության հրաժարականի օրակարգով արտահերթ նիստ գումարել։ ԱԺ խորհուրդը մերժել էր խորհրդարանի ընդդիմադիր երկու խմբակցությունների միջնորդությունը։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ խորհրդարանի պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 17-ին` ժամը 18:30-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի․ երեկ նման որոշում է ստորագրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հունիսի 17-ին` ժամը 18:30-ին ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի