Իշխանությունը խոսում է ՀՀ-Արցախ հանձնաժողովը լուծարելու, ներկայացուցչության շենքի նշանակությունը փոխելու մասին

Ազգային ժողովի նախագահի համոզմամբ՝ պետք է լուծարել Հայաստան - Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի ձևաչափը, ինչպես նաև վերանայել Երևանում Արցախի ներկայացուցչության շենքի նշանակությունը։

«Իրավական առումով Լեռնային Ղարաբաղ միավորում գոյություն չունի», - նշեց Ալեն Սիմոնյանը:

Պատասխանելով ընդդիմադիրներին, թե ինչո՞ւ է խուսափում Հայաստան - Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ գումարել՝ Սիմոնյանն այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարեց՝ այդ հանձնաժողովի ֆորմատն այլևս գոյություն չունի, Հայաստանում Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի պաշտոնյա այլևս չկա։

«Ես կարծում եմ, որ մենք պետք է շատ լրջորեն քննարկենք՝ այդ ֆորմատն այլևս չեղարկելու, որովհետև Լեռնային Ղարաբաղի, Արցախի պաշտոնյա այլևս գոյություն չունի», - ասաց ԱԺ նախագահը:

Արծվիկ Մինասյան

Ալեն Սիմոնյանին հակադարձեց ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ հիշեցնելով՝ Արցախի հանրապետություն, Լեռնային Ղարաբաղի հանրապետություն արտահայտությունները, որպես իրավական ձևակերպում, առկա են ոչ միայն Հայաստանի բազմաթիվ օրենքներում, նաև միջազգային պայմանագրերում։

«Արցախ Հանրապետության Ազգային ժողովը, որն ընտրվել է Արցախի ժողովրդի կողմից, Դուք իրավասու չեք համարել չեղյալ, Դուք պարտավոր եք առաջնորդվել օրենքով», - ասաց Մինասյանը:

«Արցախի Հանրապետությունն ինքն իրեն լուծարել է՝ իրենց պաշտոնյաների որոշմամբ, ու իրավահարաբերությունները և ընդհանրապես հարաբերությունները հնարավոր են, երբ որ կա երկու կողմ: Ես չեմ կարող ինչ-որ մարդկանց հետ նիստ հրավիրել...», - արձագանքեց Սիմոնյանը:

Ընդդիմադիր մեկ այլ պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ հակադարձեց՝ Լեռնային Ղարաբաղի օրենսդրության մեջ հանրապետության լուծարման կետ չկա, իսկ Արցախի վերջին նախագահը նման հրամանագիր է ստորագրել՝ ստիպված։ Անցած տարի սեպտեմբերի 28 -ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն Արցախը լուծարելու մասին հրամանագիր ստորագրեց։ Բուն փաստաթղթի տեքստը չհրապարակվեց, միայն նշվեց, թե Շահրամանյանն այդ որոշումն ընդունել է՝ հանուն Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության։

Արթուր Խաչատրյան

«Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահն այդ թուղթը ստորագրեց, որպեսզի ջարդը կանխի, որովհետև ադրբեջանական զորքերն այն բանից հետո, երբ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն առանց որևէ փաստաթղթի դուրս եկան Արցախի Հանրապետությունից, ուժերը շատ անհավասար էին: Փաստաթուղթը չի հրապարակվել, նույն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահն է ասում, որ դա ես ինքս չեղարկել եմ, էդ դեպքում էս մեկն էլ չեք տեսել, էն էլ չեք տեսել, ինչի՞ եք առաջինով առաջնորդվում», - ընդգծեց Խաչատրյանը:

«Եզրույթ՝ Լեռնային Ղարաբաղի նախագահ, իմ համար գոյություն չունի այլևս: Հայաստանի Հանրապետությունում կա մի իշխանություն, դա Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված իշխանությունն է և այլևս որևիցե նախագահ, որևիցե կառավարություն, պատգամավոր իրավազորություն, իրավունքի Հայաստանի Հանրապետությունում չունի և չի ունենալու», - ասաց Ալեն Սիմոնյանը:

Ավելի ուշ արդեն, լրագրողների հետ ճեպազրույցում, Ազգային ժողովի նախագահը բարձրացրեց նաև Երևանում Արցախի ներկայացուցչության շենքի իմաստը վերանայելու հարցը։ Թե ինչպե՞ս է դա կատարվելու և ի՞նչ այլ նպատակի պետք է ծառայի այդ շենքը, Սիմոնյանը չմանրամասնեց։

Արցախի ներկայացուցչությունից այսօր հրաժարվեցին արձագանքել Ազգային ժողովի նախագահի այս հայտարարությանը։ Արցախի լուծարումից հետո ներկայացուցչության շենքում են տեղակայվել Արցախի վերջին նախագահն ու կառավարության անդամները, այնտեղ հանդիպումներ ու քննարկվում էին անցկացնում նաև արցախցի պատգամավորները։

Ալեն Սիմոնյանը որոշ փակագծեր բացեց Արայիկ Հարությունյանի հետ ունեցած զրույցից. ընդդիմությունից հակադարձում են

Ալեն Սիմոնյան

Սամվել Շահրամանյանի լռության ֆոնին՝ մեղադրելով Արցախի իշխանություններին՝ Լեռնային Ղարաբաղը լուծարելու և Արցախից ուղղաթիռով Հայաստան փախչելու մեջ, Ալեն Սիմոնյաննն այսօր որոշ փակագծեր բացեց իր և նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի միջև զրույցի մանրամասներից, Հարությունյանի վրա եղած ճնշումների մասին, բայց այդպես էլ չհստակեցրեց՝ ո՞վ և ինչպե՞ս է ստիպել Արայիկ Հարությունյանին հրաժարական տալ։

«Արայիկ Հարությունյանն ինձ ասել է, որ ճնշումների ներքո ինքը ստիպված է հրաժարական տալ: Մենք մի քանի անգամ հեռախոսազրույց ենք ունեցել և նույնիսկ ասել է՝ «կարող է մի օր արթնանաք տեսնեք ես չկամ, իմ վրա ահռելի մեծ ճնշումներ են», - ներկայացրեց Սիմոնյանը:

Ազգային ժողովի նախագահը վստահեցրեց՝ Արցախը լուծարելու վերաբերյալ նախագահ Սամվել Շահրամանյանի ստորագրած փաստաթղթի քննարկումներին Հայաստանի իշխանությունը չի մասնակցել։ Իրենց ընդամենը տեղյակ են պահել այդ որոշման մասին։

«Հայաստանի Հանրապետության իշխանությունները որևիցե բան այլևս անել չեն կարող, իրենք տեղյակ են պահել արդեն ընդունված որոշման մասին, արդեն իսկ ընդունված փաստաթղթի մասին», - ընդգծեց նա:

Ընդդիմությունից մինչդեռ հակադարձում են՝ Արցախում ուժի ճնշումով իշխանափոխություն տեղի չի ունեցել։

Իշխան Սաղաթելյան

«150 հազար մարդու թողել են անհայրենիք, էսօր կանգնեն սրան մեղադրեն, նրան մեղադրեն, - նշեց ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, - հղում անել այսօր Արայիկ Հարությունյանին, ասել՝ ճնշել են և այլն, ճիշտ չէ, որովհետև մարդն անկախ ամեն ինչից այսօր գտնվում է Բաքվում: Իսկ որ Արցախում ուժի ճնշումով իշխանափոխություն տեղի չի ունեցել, վստահեցնում եմ, կգա ժամանակը դա էլ կպարզվի»:

Սաղաթելյանի համոզմամբ՝ Հայաստանի այսօրվա իշխանությունն ամեն ինչ անում է Արցախի սուբյեկտայնության հիմքերը վերացնելու համար, դրանց շարքում է նաև ներկայացուցչության շենքի նշանակության հետ կապված խորհրդարանի խոսնակի հայտարարությունը։

«Սա շատ կոնկրետ Ադրբեջանի պահանջն է, իսկ Հայաստանի իշխանությունները լինելով նրանց խամաճիկ, փորձելու են այդ պահանջներն ամբողջությամբ բավարարել», - ասաց Իշխան Սաղաթելյանը

Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ շատ կարևոր է պահպանել Արցախի պետական մարմինները՝ բանակցային սեղանի շուրջ արցախցիների վերադարձի և նրանց իրավունքների հարցերը բարձրացնելու համար։