Մատչելիության հղումներ

Արցախցիները «շանտաժ, սպառնալիք» են որակում Փաշինյանի հայտարարությունը. ՔՊ-ն զգուշացնում է՝ իրավապահները կզբաղվեն 


Մետաքսե Հակոբյան, Արտակ Բեգլարյան, Արփի Դավոյան
Մետաքսե Հակոբյան, Արտակ Բեգլարյան, Արփի Դավոյան

«Եթե կան նուրբ թեմաներ, թող Արցախի իշխանությունների հետ քննարկեն, լուծում գտնեն». Բեգլարյան

«Արցախ միության» նախագահ, Արցախի նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանն անընդունելի է համարում վարչապետ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, թե Արցախի վտարանդի կառավարությունը վտանգ է ներկայացնում Հայաստանի անվտանգության համար։

Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը «Ֆիգարո»-ին տված հարցազրույցում խոսել էր Երևանում՝ Արցախի ներկայացուցչության շենքում Արցախի պետական մարմինների գործունեության մասին։

Հարցազրույցից ժամեր անց Փաշինյանը հստակ ուղերձ հղեց իրավապահներին. - «Եթե որևէ մեկը Հայաստանում իրեն նույնականացնում է որպես կառավարություն, դա Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է։ Եվ հույս ունեմ, որ այդ խնդրի գոյությունը չի նշանակի, որ մեր մարմինները իրենց աշխատանքներում թերացել են։ Ես ուզում եմ, որ էս ուղերձը հստակ լինի բոլորի համար»։

Ի՞նչ գործողություններ կարող են հետևել Փաշինյանի այս ուղերձին. արցախցիները ոչինչ չեն բացառում։

«Դա շանտաժ է, դա սպառնալից վերաբերմունք է և հստակ ուղերձ է, որ կոնկրետ գործողություններ կարող են լինել։ <>

Դա կարող է լինել որոշակի քրեական հետապնդում, կարող է լինել ներկայացուցչության շենքի հանդեպ որոշակի ոտնձգություն։ Բոլոր սցենարներն էլ ես չեմ բացառում, բայց ես խորհուրդ եմ տալիս, հորդորում եմ և՛ իրավապահ մարմիններին, և՛ ընդհանուր քաղաքական ղեկավարությանը ՀՀ-ի ողջամիտ լինել և այս թեման լրացուցիչ չշահարկել։ Եթե կան նուրբ թեմաներ, թող Արցախի իշխանությունների հետ քննարկեն, լուծում գտնեն, բայց ոչ թե վերացնեն Արցախի պետական մարմինները», - «Ազատության»-ն ասաց Արտակ Բեգլարյանը։

Փաշինյանը հստակ ուղղորդեց իրավապահ մարմիններին. Մետաքսե Հակոբյան

Արցախցի պատգամավոր Մետաքսե Հակոբյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը երեկ հստակ ուղղորդեց իրավապահ մարմիններին. -«Վախեցնեն, լռեցնեն, ի վերջո բանտարկեն, ինչին որ մենք անընդհատ ականատես ենք լինում։ Ես կարծում եմ՝ արդեն իսկ կան որոշումներ իրենց անելիքների վերաբերյալ»։

Ուղերձը երկու հասցեատեր ունի՝ իրավապահ համակարգը և Սամվել Շահրամանյանը. ՔՊ

Փաշինյանի ղեկավարած իշխող «Քաղաքացիական պայմանագրից» այսօր փակագծեր են բացել՝ վարչապետի ուղերձը երկու հասցեատեր ունի՝ իրավապահ համակարգը և Սամվել Շահրամանյանը։ Պատգամավոր Արփի Դավոյանը հույս ունի, որ Սամվել Շահրամանյանը հասկացել է ուղերձի իմաստը։

«Պետությունը լուծարած մարդն այստեղ եկել, վտարանդի կառավարություն է խաղում։ Վստահ եմ, որ իրենք լավ էլ հասկանում են՝ ինչ են անում և ինչ-որ ուղղորդումներ ունեն։ Այո, դա ազգային անվտանգության խնդիր է, և ես կարծում եմ, որ համապատասխան մարմինները, իրավապահ մարմինները եզրակացություն կանեն։ Եվ ես վստահաբար կարող եմ ասել, որ մեր իրավապահները հաստատ կզբաղվեն, և այդ ուղերձը նրանց համար կլինի շատ կարևոր», - նշեց պատգամավորը։

Թե կոնկրետ ինչպես են զբաղվելու իրավապահները այս հարցով, իշխանական պատգամավորը չհստակեցրեց։

«Արցախ միության» նախագահ Արտակ Բեգլարյանը, մինչդեռ, բացատրում է՝ վտարանդի կառավարություն նշանակում է, որ բռնի տեղահանումից հետո Արցախի կառավարությունը ստիպված իր լիազորությունների տարածքից դուրս է գտնվում, հետևաբար շահարկումները, թե Հայաստանում երկու կառավարություն կա, ճիշտ չեն։

«Հայաստանի Հանրապետությունում գործում է մեկ կառավարության լիազորություն՝ ՀՀ կառավարությունն է, իսկ Արցախի Հանրապետության կառավարության ներկայացուցիչների լիազորությունները Հայաստանի Հանրապետության տարածքում չեն տարածվում, տարածվում են Արցախի տարածքի վրա, որը օկուպացված է», - ասաց Արցախի նախկին օմբուդսմենը։

Հայաստանն, ըստ Բեգլարյանի, պետք է աջակցի, թեկուզ ոչ հրապարակային

Արտակ Բեգլարյանի համոզմամբ՝ իրենց պետական մարմինները պետք է շարունակեն գործել և հետամուտ լինեն Արցախի ժողովրդի հատկապես հավաքական իրավունքների ներկայացմանը, քանի որ հենց նրանք են Արցախի ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչները։ Հայաստանն էլ, ըստ Բեգլարյանի, պետք է աջակցի, թեկուզ ոչ հրապարակային, որպեսզի միջազգային հարթակներում Արցախի պետական մարմինները ժողովրդի անունից կարողանան բանակցել և որոշակի լուծումներ առաջարկել։

«Եթե նույնիսկ փակ չեն ցանկանում աջակցել, ապա առնվազն չպետք է խանգարեն։ Այո, ես հասկանում եմ, որ կան որոշակի զգայուն թեմաներ, Ալիևը ու Էրդողանը կամ նրանց ռեժիմները շահարկում են և այլն, Հայաստանի Հանրապետությունը դրա համար որոշակի լուծումներ ունի՝ կարող է առնվազն կոնկրետ փաստարկներ օգտագործել, հրապարակային աջակցություն չցուցաբերել և այլն, բայց իրար միջև պետք է Հայաստանի և Արցախի իշխանությունները խոսեն, որոշակի լուծումներ գտնեն», - շեշտեց Բեգլարյանը։

Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը դեռևս չի արձագանքել իրեն ուղղված իշխանության զգուշացումներին։ Նա հրապարակային գործունեություն չի ծավալում, հետևաբար պարզ չէ, թե Արցախի լուծարման մասին իր հրամանագրից և Երևան տեղափոխվելուց հետո այս ընթացքում կոնկրետ ինչ գործառույթներ է իրականացնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG