Ընտրությունները Վրաստանում անցել են անհավասար պայմաններում, ճնշումներով և լարվածությամբ. դիտորդներ

Վրաստանի խորհրդարանական ընտրություններն անցել են անհավասար պայմաններում, ճնշումներով և լարվածությամբ, սակայն ընտրողներին առաջարկվել է լայն ընտրություն, ասվում է միջազգային դիտորդների այսօրվա հայտարարության մեջ:

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ), Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ), ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի (ՆԱՏՕ ԽՎ) և Եվրոպականի խորհրդարանի համատեղ դիտորդական առաքելությունը շեշտել է՝ թեև ընտրություններն ընդհանուր առմամբ լավ կազմակերպված էին, սակայն միջավայրը «լարված» էր, իսկ անհավասար պայմանները «խաթարել են վստահությունն արդյունքների նկատմամբ»:

Ի վերջո, գործընթացը «անբավարար էր ընտրությունները միջազգային ժողովրդավարական սկզբունքներին համապատասխանեցնելու համար», ասվում է դիտորդների համատեղ հայտարարության մեջ:

Բացի այդ, նշվում է, որ ընտրություններն ուղեկցվել են արմատացած բևեռացմամբ և վերջերս ընդունված օրենսդրության և հիմնարար ազատությունների, քաղաքացիական հասարակության վրա դրա ազդեցության վերաբերյալ մտահոգություններով, ինչպես նաև ծայրահեղ բաժանարար նախընտրական հռետորաբանությամբ, ընտրողների ճնշումների մասին համատարած հաղորդումներով։

Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում ԵԱՀԿ առաքելության ղեկավար Պասկալ Ալիզարը նշել է, որ բացահայտվել են քվեարկության գաղտնիության սկզբունքի խախտման փաստեր։

«Հատկապես կնշեի քաղծառայողների վրա ճնշումները ընտրությունների օրը։ Տեղեկություններ կային, որ ահաբեկումները և ճնշումները բացասաբար են ազդել ընտրողների վրա՝ բացասաբար ազդելով գործընթացի վրա»,- ասել է Պասկալ Ալիզարը:

Ժողովրդավարությունը, միանշանակ, զարգացման փուլում է, նշել է նա՝ հույս հայտնելով, որ վերընտրված իշխանությունները արդյունավետորեն կհաղթահարեն Վրաստանի առջև ծառացած մարտահրավերները։

Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Անտոնիո Լոպես-Իստուրիզ Ուայթը հավելել է՝ շարունակում են «խորը մտահոգություն հայտնել Վրաստանում ժողովրդավարության հետընթացի կապակցությամբ»:

«Երեկվա ընտրությունների անցկացումը, ցավոք, դրա ապացույցն է», - ասել է նա։

Ընտրություններն անցել են «բևեռացված և սահմանափակող միջավայրում, որը խաթարում է ներառականությունը, թափանցիկությունը և արդարությունը», հայտարարել է ENEMO-ի (Ընտրությունների դիտորդական կազմակերպությունների եվրոպական ցանց) դիտորդական առաքելության ղեկավար Զլատկո Վույվովիչը։

Նա նշել է, որ գրանցվել են լուրջ խախտումներ, այդ թվում՝ բռնություն ընդդիմության անդամների նկատմամբ, ընտրողների ահաբեկում, դիտորդներին վարկաբեկելու արշավներ և վարչական ռեսուրսների համատարած չարաշահում։

  • Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ «Վրացական երազանքը» 2012 թվականից ի վեր չորրորդ անգամ հաղթել է հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններում՝ հավաքելով ձայների ավելի քան 54 տոկոսը։
  • Ընդդիմությունը պնդում է կեղծիքների, արդյունքների չճանաչման և ցույցեր սկսելու մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը, Ալիևը, Օրբանը շնորհավորել են Կոբախիձեին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Վրացական երազանք»-ը ստացել է 54,27 տոկոս ձայն. ԿԸՀ