«Փաշինյանին պետք է խաղաղություն կոչվող թղթի կտոր՝ վերընտրվելու համար». ընդդիմությունը՝ Բաքվին վարչապետի առաջարկի մասին

Ընդդիմությունն անընդունելի է համարում վարչապետ Փաշինյանի երեկ Ադրբեջանին արված առաջարկը, ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ արդեն իսկ համաձայնեցված դրույթներով, իսկ հետո մնացած չլուծված հարցերի շուրջ շարունակել քննարկումները։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի համոզմամբ՝ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ անիմաստ է ստորագրել մի փաստաթուղթ, որը չի լուծում Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող խնդիրները, բայց դա ցանկանում է անել կոնկրետ նպատակով։

«Փաշինյանին պետք է մի թղթի կտոր, որի վրա գրված լինի խաղաղություն, որպեսզի այդ թղթի կտորով, խաղաղությունը մեծ չակերտների մեջ, որովհետև դա լինելու է կապիտուլյացիա, այդ թղթի կտորով ինքը գնա Հայաստանի մարզեր, թափահարի ու այդ թղթի կտորով կարողանա նախընտրական քարոզչություն անել և ասի՝ տեսեք, ես խաղաղություն եմ բերել, եթե այդ խաղաղության օրակարգի շուրջ չքվեարկեք, այս փխրուն խաղաղությունը կդառնա պատերազմ», - նշեց ընդդիմադիր պատգամավորը:

Արթուր Խաչատրյան

Արթուր Խաչատրյանի համոզմամբ՝ երեկ Ադրբեջանին ուղարկած իր առաջարկով, Նիկոլ Փաշինյանը իրականում կոնկրետ գործարք է առաջարկում Ալիևին՝ իր իշխանությունը պահելու համար։

«Ալիևին ասում է՝ եթե ուզում ես, որ ես իմ Սահմանադրության մեջ փոփոխություն անեմ, հանեմ այն կետերը, որ դու չես ուզում, ուրեմն այնպես արա, որ ես 27 թվին լինեմ իշխանության գլխին: Դա է, ընդամենը առևտուր է Ալիևի հետ իր իշխանությունը պահելու համար», - ընդգծեց նա:

Անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակմանն, այդ թվում՝ Սյունիքով Նախիջևանի հետ Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու պահանջին, Փաշինյանը կրկին վերահաստատեց՝ բացառում են միջանցքային տրամաբանությունը. Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ճանապարհների նկատմամբ իրավազորությունը չի կարող կասկածի տակ դրվել։ Իլհամ Ալիևը, սակայն, պնդում էր, թե Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ պետք է կապվի առանց մաքսային և սահմանային վերահսկողության։ Ի վերջո՝ կողմերը հայտարարեցին, թե ճանապարհների ապաշրջափակման հարցը դուրս են բերում խաղաղության պայմանագրից։

Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս է տալիս

Ի դեպ, Փաշինյանն այսօր առաջին անգամ խոսեց անվտանգության լրացուցիչ ապահովման գործառույթի մասին, որը կարող են իրականացնել Հայաստանում լիցենզավորված պահնորդական կազմակերպությունները։ Դատելով Փաշինյանի խոսքից, այս հարցն արդեն քննարկվել է Ռուսաստանի ու Ադրբեջանի հետ, համենայնդեպս, նա պնդեց, թե հայկական կողմի այս ընկալումը դրական է ընդունվում և՛ Բաքվում, և՛ Մոսկվայում։ Ընդդիմությունից, սակայն, այս մոտեցումը ևս անընդունելի են համարում։

«Իսկ կարո՞ղ է վաղը Փաշինյանը պետական այլ գործառույթներ նույնպես արտապատվիրակի մասնավոր կազմակերպություններին: Օրինակ՝ վեր կենա, ասի՝ Հայաստանի Հանրապետությանը բանակ պետք չի, եկեք մեր անվտանգությունն արտապատվիրակենք մասնավոր ռազմական ընկերություններին: Ես կարծում եմ՝ այս պայմաններում ճիշտ կլինի, որ պետությունն ինքը պաշտպանի սահմանները, պետությունն ինքը պաշտպանի իր տարածքով, իր ինքնիշխանության ներքո ապահովի մարդկանց ու ապրանքների տեղափոխումը: Բանալին այստեղ միաժամանակյա ապաշրջափակումն է: Ես կարծում եմ՝ հայ սահմանապահն իրավունք ունի ստուգել նույնիսկ Ալիևին, եթե Ալիևը քիթը խոթի մեր հանրապետության տարածք», - ասաց Խաչատրյանը:

«Փաշինյանը պետք է ասի՝ այդ ի՞նչ անիրատեսական առաջարկ են արել արցախցիները»

Վարչապետ Փաշինյանն այսօրվա ասուլիսում անդրադարձավ նաև արցախահայերի հավաքական վերադարձի մասին հարցին՝ ասաց՝ այն ընկալումներով, որոնցով Լեռնային Ղարաբաղի մի խումբ հայրենակիցներ ու նախկին պաշտոնյաներ փորձում են ձևակերպել հարցը, իրատեսական չէ:

«Այն փաթեթավորումը, այն բովանդակությունը, որը ներկայացվում է, իմ համոզմամբ, հակասում է Հայաստանի Հանրապետության պետական շահերին: Հայաստանի Հանրապետության պետական շահը չափում եմ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու իրավազորությամբ», - հայտարարեց Փաշինյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավորի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այսօր իր ասուլիսում, ըստ էության, խոuսափեց նաև կոնկրետ ասել՝ ինչպե՞ս է պատկերացնում արցախցիների հավաքական վերադարձը իրենց հայրենիք։

Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը նույնպես շեշտում է՝ Փաշինյանը պետք է հստակ ասի՝ այդ ի՞նչ անիրատեսական առաջարկ են արել արցախցիները, որը սպառնալիք է Հայաստանի համար և ի՞նչն է այդ դեպքում իրատեսական համարում ինքը՝ Փաշինյանը արցախցիների վերադարձի համար։

Բեգլարյանի խոսքով, արցախցիներն ուզում են արժանապատիվ և անվտանգ վերադարձի հնարավորություն։ Ընդգծում է՝ Հավաքական վերադարձի իրավունքը բխում է նաև միջազգային իրավունքից և ՄԱԿ -ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումից և դա չի կարող հակասել Հայաստանի շահերին։

«Վերադառնալ ու այնտեղ ապրել արժանապատիվ, անվտանգ, կայուն պայմաններում: Էականն այն է, որ այս հարցը պետք է քննարկվի միջազգային մակարդակով, միջազգային պաշտպանության մեխանիզմներով», - նշեց Բեգլարյանը:

Արցախի նախկին պետնախարարը նաև հիշեցնում է՝ Հայաստանը Արցախի նկատմամբ մի շարք պարտավորություններ է ստանձնել 90-ականներից ի վեր։ Բացի այդ, Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակումից հետո ընդունելով Արցախից բռնի տեղահանված անձանց, Երևանը միջազգային իրավունքի համաձայն, պարտավոր է Բաքվի հետ բանակցել նրանց արժանապատիվ և անվտանգ վերադարձի համար։