Ընդդիմադիրները կքննարկեն «Հայաստան» խմբակցությունում Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը

«Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը խորհրդարանում, արխիվ

Փաշինյանին հեռացնելու օրակարգի մասին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հայտարարությունից հետո ընդդիմադիրները պատրաստվում են քննարկել խմբակցությունում նրա հետագա գործունեության հարցը, Ֆեյսբուքում տեղեկացրեց պատգամավորներից Ագնեսա Խամոյանը։ Թե ե՞րբ, չեն հստակեցնում։

«Գեղամ Նազարյանի վերջին հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, իր անձնական ընկալումներն են, որը, բնականաբար չի արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետը։ Մեր թիվ մեկ օրակարգը ինչպես եղել, այնպես էլ մնում է այս իշխանություններին հեռացնելը, և բնական է, եթե խմբակցության որևէ պատգամավոր չի կիսում այդ գաղափարը, հարցը պետք է դառնա քննարկման առարկա։ Խմբակցությունը Գեղամ Նազարյանին մանդատը վայր դնելու «խնդրանքով» չի կարող դիմել, բայցև ակնհայտ է, որ քննարկվելու է խմբակցությունում պարոն Նազարյանի հետագա գործունեության հարցը», - գրել է Խամոյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Հայաստան» խմբակցությունը կքննարկի Նազարյանի «հետագա գործունեության հարցը», Նազարյանը մինչև նիստը, ձեռնպահ կմնա մեկնաբանությունից

44-օրյա պատերազմի ժամանակ որդուն կորցրած Գեղամ Նազարյանը «Հայաստան» խմբակցության կազմում պատգամավոր է դարձել 2021-ի արտահերթի արդյունքում։

Ինքը՝ Գեղամ Նազարյանը, մինչև նիստը չցանկացավ մեկնաբանություններ տալ, չնայած այսօր եկել էր խորհրդարան։

Իսկ այս ողջ պատմությունը երկու օր առաջ Tribune.am-ին Նազարյանի հետևյալ մեկնաբանության շուրջ է.

Հարց. - Ասում են՝ տեսեք, Գեղամ Նազարյանը խորհրդարան մտավ, մանդատ ստացավ «Հայաստան» խմբակցությունում՝ իշխանափոխություն անելու, Փաշինյանին հեռացնելու օրակարգով:

Նազարյան. - Տենց օրակարգ չկա, չգիտեմ ո՞վ ա դա մտցրել: Ի՞նչ ա նշանակում՝ էկել ենք խորհրդարան, որ հեռացնենք: Այսինքն՝ խորհրդարանում ինչ-որ սամբոյի պրիոմ պտի անեինք՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնեի՞նք: Պտի իմպիչմենտ անեք, իմպիչմենտի ժամանակ էլ մեծամասնությունը պտի անցնի քո կողմը: Դրա համար պետք ա աշխատանք տանել՝ իրանց համոզես, որ իրանք սխալ են էղել և պիտի անցնեն քո կողմը:

«Մանդատ դնելու խոսակցություն, քննարկում չի եղել և չի էլ կարող լինել». Նազարյան

Չնայած Նազարյանը չի ուզում խոսել մինչև խմբակցության նիստը, բայց այսօր «Առավոտ»-ում հրապարակած հոդվածում հայտարարել է, որ «մանդատ դնելու խոսակցություն, քննարկում չի եղել և չի էլ կարող լինել»։

Իսկ իր աղմկահարույց հայտարարությունը բացատրել է այսպես, թե «Հայաստան» դաշինքը ընտրություններին չի մասնակցել խորհրդարանական ընդդիմության վերածվելու նպատակով, այլ՝ հաղթելու և իշխանություն ձևավորելու համար: Իսկ մանդատները վերցնելուց հետո էլ «պետք է շարունակեին ապացուցել, որ պետք չէր իշխանությունը վստահել Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժին՝ միաժամանակ մնալով իրենց համոզմունքին, որ Փաշինյանի հրաժարականն անհրաժեշտություն է պետության համար»:

Նրա այս բացատրությունը չէր համոզել խմբակցության գործընկերներին։ Որ Նազարյանի հետագա գործունեության հարցն են պատրաստվում քննարկել, ընդդիմադիրները Նազարյանի հրապարակումից հետո հայտարարեցին։

«28 հոգի այլ կարծիքի ունի, 29-րդի կարծիքը ձեր համար չգիտեմ ինչքանով է ուղենիշային», - լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորներից Արթուր Խաչատրյանը:

Դաշնակցական պատգամավորը պնդում էր, թե հարցը քննարկման առարկա է դառնալու Նազարյանի դիրքորոշման պատճառով, դրանից առաջ Ազգային ժողովի նախագահի գլխավորությամբ իշխանականների շրջապատում Գեղամ Նազարյանի լուսանկարը որևէ դեր չի խաղացել։ Խոսքը Վիետնամ այցից, ոչ պաշտոնական հանդիպումից մի լուսանկարի մասին է, որտեղ Նազարյանն ու հայաստանյան պատվիրակության մյուս չորս՝ իշխանական անդամները նավի մեջ են ջրային զբոսանքի ժամանակ։

«Քննակվելու է այդ հարցը, և գալու ենք եզրակացության և հանգուցալուծման՝ Գեղամ Նազարյանի դրսևորած դիրքորոշման մասին իր հայտնի հարցազրույցում», - հայտարարեց Արթուր Խաչատրյանը:

Խաչատրյանը նաև խմբակցության կանոնադրությանն էր հղում անում։ Բայց թե խմբակցության որոշումներից շեղվելու դեպքում ի՞նչ է կոնկրետ նախատեսում «Հայաստան» խմբակցության կանոնադրությունը, բաց աղբյուրներում հարցի պատասխանը հնարավոր չէ գտնել, իսկ խմբակցությունից կանոնադրությունը ստանալ չհաջողվեց։

Նշենք, թե ԱԺ կանոնակարգ օրենքն ինչ է նախատեսում. ինչպես պատգամավորը կարող է դուրս գալ խմբակցությունից, այնպես էլ ձայների մեծամասնությամբ խմբակցությունը կարող է իր պատգամավորին հեռացնել։

Նազարյանն արդեն հայտարարել է, որ մանդատը վայր դնելու մասին չի մտածում, իսկ արդյոք կհեռանա ընդդիմադիր խմբակցությունից՝ դրա մասին չի խոսում։

Եթե նա հեռանա խմբակցությունից կամ «Հայաստան»-ը որոշի նրան հեռացնել, մեկ է, նա կպահպանի իր մանդատը, կլինի պատգամավոր, բայց ընդգրկված չի լինի որևէ խմբակցությունում։ Ընդդիմադիրների նախընտրական ցուցակի հաջորդ համարն այդ դեպքում չի դառնա պատգամավոր, ու «Հայաստան» խմբակցությունը 28 պատգամավորով կմնա։

«Տրանսֆերային պատուհան է բացվել»

Վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու ցանկություն ընդդիմությունը պարբերաբար էր արտահայտում, բայց ձայները չէին բավարարում։

«Ես օրինակ էսօր մի հատ անեկդոտ եմ լսել, որ տրանսֆերային պատուհան ա բացվել». - ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի մանդատի ոդիսականից հետո արդեն նաև հումորիկներ են պտտվում, Արթուր Խաչատրյանը դրանցից մեկն էր բարձրաձայնում։ Այսօր լրագրողները նաև նկատեցին, թե ընդդիմությունը իշխանության հետքերով է գնում, երբ պատրաստվում է քննության առնել թիմակցի հայտարարությունները։

«Այլընտրանքային այլ տարբերակ չկա», - ընդգծեց Խաչատրյանը՝ ծիծաղով արձագանքելով լրագրողի հարցին, թե «կարող է՞ փոխատեղում լինի Հովիկ Աղազարյանի հետ». - «Ես էդ անեկդոտը որ ասեցի՝ տրանսֆերային պատուհան ա բացվել, որ ասում եմ անեկդոտ կա, դրա մասին ա խոսքը»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնելու որոշում դեռ չունիՀովիկ Աղազարյանը կհեռացվի՞ խմբակցությունից. պատգամավոր Լիլիթ Մինասյանի մեկնաբանությունըԱղազարյանին մանդատի հարցով թիմում «ճնշում են», բայց նա սպասում է Մոսկվայի ընկերոջը