Վրաստանը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու բանակցություններից մինչև 2028-ի տարեվերջ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, արխիվ

Թբիլիսին մինչև 2028 թվականը Եվրամիությանն (ԵՄ) անդամակցելու շուրջ բանակցություններին չի մասնակցի, այսօր վարչապետի պաշտոնում վերանշանակվելուց հետո Թբիլիսիում հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։

«Որոշել ենք մինչև 2028-ի վերջը ԵՄ անդամակցության հարցով բանակցությունների մեկնարկի հարցը չընդգրկել մեր օրակարգում»,- ճեպազրույցում ասել է Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ Թբիլիսիի համար «բացարձակապես անընդունելի է Եվրամիությանն ինտեգրումը դիտարկել որպես ողորմություն, որը Եվրամիությունը պետք է տա մեզ»։

«Նաև, մինչև 2028 թվականի ավարտը մենք հրաժարվում ենք ԵՄ կողմից տրամադրվող բյուջետային դրամաշնորհներից։ Մենք տեսնում ենք, որ եվրոպացի քաղաքական գործիչներն ու բյուրոկրատները տրամադրվող դրամաշնորհները և վարկերը օգտագործում են Վրաստանին շանտաժի ենթարկելու նպատակով»,- հավելել է նա։

Ավելի վաղ Եվրախորհուրդն ինքը հայտարարել էր, որ Վրաստանի ինտեգրացիոն գործընթացը փաստացի դադարեցվել է իշխող «Վրացական երազանքի» գործողությունների պատճառով։

Բրյուսելը և եվրոպական այլ մայրաքաղաքներ շեշտել էին, որ չեն կարող աջակցել Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցություններին, եթե երկիրը, մասնավորապես, չեղյալ չհայտարարի եվրոպական արժեքներին և սկզբունքներին հակասող օրենքները, նրանց թվում՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը։

Եվրախորհրդարանն այսօր հաստատել է Վրաստանում ընտրությունների արդյունքները չճանաչող բանաձև։