Խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ Վրաստանի ընդդիմության բողոքի ակցիաները շարունակվում են․ երեկ ընդդիմադիր ակտիվիստներն, ի նշան բողոքի, շուրջ 30 վրան են տեղադրել մայրաքաղաք Թբիլիսիի առանցքային խաչմերուկներից մեկում՝ գիշերելով այնտեղ։
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ ոստիկանությունն ակցիային չի միջամտել, ակտիվիստները շարունակում են իրենց բողոքի ակցիան երգ ու պարի ուղեկցությամբ։ Իրավապահներն ու իշխանությունները առայժմ որևէ կերպ չեն արձագանքել։
Ընտրությունների պաշտոնական արդյունքներով՝ մեծամասնություն ստացած «Վրացական երազանք»-ի նախագահ Իրակլի Կոբախիձեն երեկ հայտարարել է, որ «չնայած դրսից կառավարվող ուժերի դիմադրությանը» խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա նոյեմբերի 25-ին։
Կոբախիձեն վստահություն է հայտնել, որ վաղ թե ուշ ընդդիմադիրները կհամակերպվեն ընտրություններում իրենց պարտության հետ և կմիանան խորհրդարանի աշխատանքին։
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 16-ին հաստատել է ընդդիմության և նախագահի կողմից չճանաչված խորհրդարանական ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը։ Հայտարարված թվերը հաստատել են նախնական արդյունքները, որոնց համաձայն՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մնում է իշխանության ղեկին չորրորդ ժամկետն անընդմեջ։
Պատգամավորական մանդատ ստացած չորս ընդդիմադիր ուժերից ոչ մեկը համաձայն չէ հայտարարված արդյունքների հետ։ Ընդդիմությունը պահանջում է հոկտեմբերի 26-ի ընտրությունների նոր քվեարկություն և խախտումների միջազգային հետաքննություն՝ անվստահություն հայտնելով քննչական մարմիններին և դատական համակարգին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թբիլիսիում ընդդիմությունը ճանապարհ է փակել և վրաններ տեղադրել