Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրել է իշխող «Վրացական երազանքի» նախաձեռնած «Համաներման մասին» օրենքը։
Նախագահի աշխատակազմը խորհրդարանական ընտրություններից առաջ այս օրենքի ընդունման նախաձեռնումն «անուղղակի կաշառք» է համարել ընտրողներին։
«Համաներումը մարդասիրական ակտ է, և տրամաբանորեն այն հայտարարվում է ընտրություններից հետո կամ դրանցից շատ առաջ: Սակայն, նախագահը հաշվի է առել, որ բազմաթիվ դատապարտյալներ և նրանց ընտանիքներ համաներման են սպասում և ստորագրել է օրենքը», - նշվում է հայտարարությունում։
Համաներման մասին ընդունված օրենքի համաձայն՝ մոտ 1000 մարդ կազատվի բանտից, իսկ մոտ 4 հազար 800 հոգու պատժաչափը կկրճատվի։
Համաներումը տարածվում է մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը կատարված հանցագործությունների վրա։ Այն, սակայն, չի տարածվի սպանության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, սեռական հանցագործությունների, ահաբեկչության, կոռուպցիայի և չարաշահման, կազմակերպված հանցագործության և այլ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտված անձանց վրա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանի ներքին կյանքում շարունակվում է քաղաքական «խառնաշփոթը»