Վրաստանի նոր կառավարությունում կփոխվեն արտաքին գործերի, արդարադատության և գյուղատնտեսության նախարարները, այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ նշելով, որ խորհրդարանն այսօր կհաստատի կառավարության նոր կազմը։
Արտգործնախարարի պաշտոնում Իլյա Դարչիաշվիլիին, ով այս պաշտոնը զբաղեցնում էր 2022 թվականի ապրիլի 4-ից, կփոխարինի Մակա Բոչորիշվիլին։
Բոչորիշվիլին 2020-24 թվականներին խորհրդարանի Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահն էր։
Արդարադատության նախարարի պաշտոնում Ռատի Բրեգաձեին կփոխարինի Անրի Օխանաշվիլին։
Բրիգաձեն կառույցը ղեկավարում էր 2021 թվականի ապրիլի 1-ից։
Օխանաշվիլին նախորդ խորհրդարանում եղել է Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահը։
Գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլին կփոխարինի Օթար Շամուգիային։
Շամուգիան գյուղնախարար էր նշանակվել 2022-ի փետրվարի 9-ին։
Սոնգուլաշվիլին 2020-24 թվականներին եղել է խորհրդարանի տնտեսության և տնտեսական քաղաքականության ոլորտային հանձնաժողովի նախագահը։
Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել նախկին նախարարներին՝ նշելով, որ երեքն էլ կշարունակեն ծառայել բարձր պաշտոններում։
«Մանրամասները կհայտնեմ ավելի ուշ»,- ասել է վարչապետը։
Խորհրդարանի նիստը կմեկնարկի այսօր ժամը 12-ին։ Ընդդիմությունը չի ընդունում մեկ ամիս առաջ կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Հոկտեմբերի 26-ից մայրաքաղաքում բողոքի ցույցեր են ընթանում։ Այսօրվա նիստին ընդառաջ ընդդիմադիրներն արդեն խորհրդարանի շենքի մոտ են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թբիլիսիում ցույց է. պատրաստվում են գիշերել խորհրդարանի մոտ