Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել վրաց ժողովրդի եվրաատլանտյան ձգտումներին, սակայն Վրաստանի կառավարությունն այլ ճանապարհ է ընտրել, ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը։
Մեթյու Միլլերն ընդգծել է, որ հենց Վրաստանի կառավարության ընդունած օրենքներն են հեռացնում Վրաստանին իր ժողովրդավարական ուղուց։
«Վրաստանի կառավարության գործողությունները հիմնովին փոխել են նրա հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, և ոչ միայն Միացյալ Նահանգների, այլը՝ Եվրոպայի երկրների հետ», - ասել է Միլլերը՝ նկատի ունենալով «Օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրենքը, որը չնայած արևմտյան գործընկերների բազմաթիվ հորդորներին, նախազգուշացումներին, Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին ընդունեց։
Ի պատասխան Բրյուսելը հուլիսի 9-ին հայտարարեց, որ Վրաստանի անդամակցության գործընթացը ԵՄ-ին կասեցված է, ինչպես նաև ԵՄ-ն սառեցրել է 30 միլիոն եվրոն, որը նախատեսված էր պաշտպանության ոլորտում Վրաստանին աջակցելու համար։ Իսկ ավելի վաղ էլ Վաշինգտոնն էր հայտարարել, որ անորոշ ժամանակով հետաձգում է Վրաստանում հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 6-ը նախատեսված "NOBLE PARTNER" ամենամյա զորավարժությունները։
«ԵՄ կողմից 30 միլիոն եվրոյի օգնության կասեցումն ու վրաց-ամերիկյան «Արժանի գործընկեր 2024» զորավարժությունների չեղարկումն Արևմուտքի պատասխանն է «Վրացական երազանքի» թշնամական քայլերին», - հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով դեմ էր օրենքի ընդունմանն ու այն վետոյի էր ենթարկել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արևմուտքը կյանքի է կոչում Վրաստանին ուղղված զգուշացումները