Վրաստանի 11-րդ գումարման խորհրդարանն առաջին նիստն է անցկացնում, Շալվա Պապուաշվիլին վերընտրվեց  ԱԺ նախագահ

Շալվա Պապուաշվիլի, արխիվ

Այսօր Թբիլիսիում առաջին նիստն է անցկացնում Վրաստանի 11-րդ գումարման խորհրդարանը, Շալվա Պապուաշվիլին վերընտրվեց խորհրդարանի նախագահ։

Այս խորհրդարանի լեգիտիմությունը չեն ճանաչում ընդդիմությունն ու նախագահը։ Սալոմե Զուրաբիշվիլին և չորս ընդդիմադիր կուսակցություններ, որոնք անցել են խորհրդարան, պնդում են, որ հոկտեմբերի 26-ին կայացած ընտրությունների արդյունքները կեղծվել են։

Առաջին նիստին մասնակցում են միայն իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորները, որոնք, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, հոկտեմբերի 26-ի ընտրություններում ստացել են ձայների մոտ 54 տոկոսը և օրենսդիր մարմնում 89 մանադատ ունեն 150-ից։

Երկրի արևմտյան գործընկերները դեռևս չեն շնորհավորել երկրին նոր խորհրդարանի ընտրության կապակցությամբ՝ կոչ անելով հետաքննել հնարավոր ընտրակեղծիքները և սպասել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի վերջնական զեկույցին։

Նորընտիր խորհրդարանի առաջին նիստին հրավիրված չեն Եվրամիության և ԱՄՆ դեսպանները։ Դիվանագիտական կորպուսին չհրավիրելու այս որոշումն աննախադեպ է․ Վրաստանի նորագույն պատմության ընթացքում բարձրագույն օրենսդիր մարմնի առաջին նիստերին մշտապես ներկա են եղել գործընկեր երկրների դեսպանները։

Վրաստանի իշխող կուսակցությունն անցել է գործադիրի ձևավորմանը, և փոխարինել է Գյուղատնտեսության, արդարադատության և արտգործնախարարներին։ Վրաստանի նոր կառավարությունում Արտգործնախարարի պաշտոնը Իլյա Դարչիաշվիլիի փոխարեն կզբաղեցնի Մակա Բոչորիշվիլին, ով նախկինում գլխավորում էր Վրաստանի խորհրդարանի եվրոպական ինտեգրման հանձնաժողովը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանի խորհրդարանն այսօր կառավարության նոր կազմը կհաստատի, երեք նախարարներ, այդ թվում՝ ԱԳ նախարարը, փոխվում են