Չնայած վիզային՝ մուտքի արգելք Բուլղարիայում, մի քանի օր մեկուսարանում հայաստանցիների համար

ԱԳՆ-ն պարզաբանում է տարածել

Ինչո՞ւ է Բուլղարիան արգելում շենգենյան վիզա ունեցող հայաստանցիների մուտքն ու նրանց հետ ուղարկում Հայաստան․ վերջին շաբաթներին բազմաթիվ քաղաքացիներ «Ազատությանը» պատմել էին, որ խնդիրների են բախվել Սոֆիայի օդանավակայան ժամանելուն պես։ Բուլղարիայի սահմանապահներն արգելել են մտնել երկիր, ժամերով կամ էլ օրերով պահել մեկուսարանում։

Ավելացող դժգությունների ֆոնին՝ Հայաստանի արտգործնախարարությունը երեկ պարզաբանում տարածեց՝ չհստակեցնելով, սակայն, որ բողոքները Բուլղարիայի վերաբերյալ են։

«Քաղաքացիների մուտքն առանձին երկրներ արգելվում է այն պատճառով, որ շենգենյան վիզա ստանալու ժամանակ դիմում-հարցաթերթիկում և հարակից փաստաթղթերով ներկայացվում է բացառապես տվյալ երկիր մեկնելու նպատակ, սակայն հետագայում՝ վիզան ստանալուց հետո, այցելության նպատակը (ուղղությունը, ծրագիրը) կամ հյուրանոցի ամրագրումը փոփոխվում կամ չեղարկվում են»,- նշված է ԱԳՆ հայտարարության մեջ։

Մերժման պատճառն այն էր, որ իբր հայտնի չէր, թե դուք ինչի եք գալիս Բուլղարիա. Արամ Մնացականյան

Չնայած նախարարությունը պնդում է, թե քաղաքացիների մուտքի արգելքն այցելության նպատակի փոփոխությունն է կամ հյուրանոցի չեղարկումը, այդ ճանապարհն անցած մարդիկ այլ բան են պատմում։

Արամ Մնացականյանն ասում է՝ իրեն ու ընկերոջը բուլղարացի սահմանապահներն անհիմն պատճառաբանությամբ են հետ՝ Հայաստան ուղարկել. - «Մերժման պատճառն այն էր, որ իբր հայտնի չէր, թե դուք ինչի եք գալիս Բուլղարիա, չնայած բոլոր ամրագրումներն ունեինք, հետադարձ տոմսն ունեինք, վճարումները»։

Օգոստոսի 7-ից երեք օր օդանավակայանի մեկուսարանում է մնացել։ Ասում է՝ մեկուսարանից դուրս գալ հնարավոր է եղել միայն ջուր ու սնունդ գնելու համար, այն էլ, երբ տարածքում ուղեկցող ոստիկան է եղել։ Արամ Մնացականյանը պնդում է՝ ճաշարանում ճաշելու համար բռնության են ենթարկել իրեն ու ընկերոջը, պատմում է, թե մեկուսարանում պարզապես հնարավոր չէր սնվել՝ գարշահոտի ու հակասանիտարական պայմանների պատճառով։

Նա տեսանկարել է, թե ինչպես են իր հետ վարվում սահմանապահները, սակայն նրանք վերջում պահանջել են հեռախոսն ու ջնջել տեսագրությունները. - «Ինձ էլ, ընկերոջս էլ պառկացրին գետնին, ձեռնաշղթաներ անցկացրին, ընկերոջս մեջքը ճղվել էր, արյուն էր գալիս, ու ստիպում էին, որ ֆոտոները, վիդեոները ջնջենք, քանի որ իրենք էլ գիտեն, որ անօրինական բռնություն էին կիրառել։ Քանի որ մեզ մնացել էր ընդամենը 2 ժամ՝ հետ գալու Հայաստան, ստիպված եղանք հեռախոսը տալ իրենց, մի ժամ պահեցին իրենց մոտ, բռնության ապացույցները ջնջեցին»։

Հայաստանում Բուլղարիայի դեսպանատնից էլ չեն պարզաբանել՝ ինչն է եղել արգելքի պատճառը, հիմա դեռ ենթադրում է միայն՝ «դիսկրիմինացիա, ռասիզմ»։

«Ու երևի թե Բուլղարիա-Հայաստան կապն այդքան էլ լավ չի», - նկատեց նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բուլղարիան և Ռումինիան այսօրվանից միանում են շենգենյան գոտուն որոշ սահմանափակումներով


Բուլղարիան Ռումինիայի հետ այս տարվա մարտից մասնակի միացել է շենգեն գոտուն։ Բուխարեստն, օրինակ, հայտարարել էր, որ կավելացնի սահմանային ոստիկանների թիվը, որ հայտնաբերվեն Ռումինիայից անօրինական հեռացող քաղաքացիները կամ կեղծ փաստաթղթերով մարդիկ։

Արդյոք հավելյալ սահմանային ստուգումներն են հայաստանցիների մուտքի արգելքի պատճառը՝ պարզ չէ։ Երևանը միայն շեշտում է, որ ստուգողական գործողություններն առավել բնորոշ են այն երկրներին, որտեղ միգրացիոն ռիսկերը բարձր են։

Վաչագան Ղազարյանը պնդում է՝ սահմանապահներն իրեն տեղափոխել են մեկուսարան

Հանգստի նպատակով Բուլղարիա մեկնած ու Սոֆիայի օդակայանի մեկուսարանում հայտնված Էջմիածնից Վաչագան Ղազարյանն էլ էր նույն խնդրին առչնչվել։ Երիտասարդ տղամարդն «Ազատությանը» պատմել էր՝ Բուլղարիա մեկնելիս իր հետ ունեցել է բոլոր պահանջվող փաստաթղթերը, այդ թվում՝ վերադարձի տոմսն ու հյուրանոցի ամրագրումը, սակայն իրեն ևս մերժել են մտնել այդ երկիր։ Վաչագան Ղազարյանը պատմում է՝ Բուլղարիայից եվրոպական այլ երկիր մեկնելու ծրագրեր չի ունեցել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Անմարդկային պայմաններում են պահել». Բուլղարիայում հանգստի փոխարեն՝ 2 օր փակի տակ

«Սկզբից ասացին, որ ապահովագրություն չունեք, մենք օնլայն ցույց տվեցինք մեր ապահովագրությունը։ Չէինք կարող չունենալ, որովհետև ապահովագրությունը պարտադիր էր վիզա ստանալու համար», - ասել էր նա։

Վաչագան Ղազարյանին սահմանապահները տեղափոխել էին մեկուսարան։ Ասում է՝ ոչ միայն վերաբերմունքն էր անմարդկային, այլև պայմանները, ժամեր շարունակ փակի տակ՝ գարշահոտի մեջ է մնացել մինչև Երևան տեղափոխվելը։

«Դուռը մեզ վրա կողպել են, մենք ծեծել ենք դուռը, իրենք եկել են, իրենց ուզած ժամանակ բացել են։ Մենք գնացել ենք, աերոպորտի բուֆետից սնունդ ու ջուր ենք առել, հետո բարձրացել ենք վերև, դուռը նորից փակել են մեզ վրա», - պնդել է նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստանո. ՀՀ-ԵՄ բանակցությունները որևէ կապ չունեն անդամության թեկնածության հնարավորությունների հետ

Եվրամիության հետ ավելի մոտ հարաբերությունների ձգտող, տարիներ շարունակ վիզաների ազատականացման մասին բարձրաձայնող Երևանը հորդորում է քաղաքացիներին նախապես ուսումնասիրել միգրացիոն կանոնները։ ԱԳՆ վերջին հայտարարության մեջ, սակայն, որևէ անդրադարձ չկա ո՛չ բուլղարացի սահմանապահների վարքի, ո՛չ էլ Սոֆիայի օդակայանի մեկուսարանի պայմանների վերաբերյալ։