Մատչելիության հղումներ

«Անմարդկային պայմաններում են պահել». Բուլղարիայում հանգստի փոխարեն՝ 2 օր փակի տակ


Բուլղարիայում հանգստի փոխարեն 2 օր փակի տակ՝ Սոֆիայի օդակայանի մեկուսարանում է հայտնվել Վաչագան Ղազարյանը։ Բուլղարացի սահմանապահներն արգելել են նրան դուրս գալ օդակայանի տարածքից, թե ինչո՞ւ, արդեն կես ամիս է՝ չի կարողանում պարզել։

«Ժամը 2:30 էր, որ հասել էինք Սոֆիա, մինչև ժամը 3-ը, 4-ը ոչ մի պարզաբանում չկարողացան ներկայացնել: Սկզբից ասացին, որ ապահովագրություն չունեք, օնլայն ցույց տվեցինք ապահովագրությունը, չէինք կարող չունենալ, որովհետև ապահովագրությունը պարտադիր էր վիզա ստանալու համար», - պատմեց Ղազարյանը:

նա ասում է՝ մեկնելիս բոլոր պահանջվող փաստաթղթերը՝ երկկողմանի տոմսն ու հյուրանոցի ամրագրումն էլ իր հետ է եղել, սահմանապահներից փորձել է հասկանալ արգելքի պատճառները. նրանք բուլղարերեն կամ անգլերեն են շփվել, չնայած խնդրանքին, թարգմանիչ չեն տրամադրել իրեն։ Անձնագրում սահմանապահները Բուլղարիայի մուտքի կնիքն են ավելացրել, չի հասկանում ինչու՝ վրան գրիչով գծեր են ավելացրել։

«Կային ոստիկաններ, որ շատ ագրեսիվ էին մեր հետ վերաբերվում, մանավանդ բուլղարացի կին ոստիկանները շատ ագրեսիվ էին», - ընդգծեց Վաչագան Ղազարյանը:

Պատմում է՝ իր հետ ևս մեկ հայաստանցու են տեղափոխել օդակայանի հատուկ տարածք, որտեղ էլ պարտադրված 2 օր է անցկացրել՝ գարշահոտի ու հակասանիտարական պայմաններում. - «Վիդեոն ունեմ՝ ինչ անմարդկային պայմաններում են մեզ պահել, դուռը մեզ վրա կողպել են, մենք դուռը ծեծել ենք, իրանք եկել են իրենց ուզած ժամանակին դուռը բացել են, մենք գնացել ենք օդանավակայանի բուֆետից սնունդ ու ջուր ենք առել, հետո բարձրացել ենք վերև, դուռը նորից փակել են մեր վրա»:

Հայաստան է վերադարձել Թուրքիայի տարածքով, տոմսը ինքն է գնել։ Այս պատմության պատճառով ֆինանսական վնասներ է կրել։

Երևան վերադառնալուց հետո Հայաստանում Բուլղարիայի դեսպանատնից էլ չեն պարզաբանել, ասում է, բայց հաստատել են՝ նման դեպքեր էլի են եղել։ Դեսպանատնից պնդեցին, թե քաղաքացիներից նման բողոքներ չեն ստացել ու հրաժարվեցին մեկնաբանել միջադեպը՝ պատճառաբանելով, թե դա իրենց լիազորությունը չէ։

«Քաղաքացիները մեզ տրամադրում են փաստաթղթերը, մենք ընդունում ենք, այդպես չէ՞, մենք տալիս են մուտքի արտոնագիր նշված ժամկետով, այդպես չէ՞։ Քաղաքացիները մեկնում են դեսպանատան տված վիզայով, այդպես չէ՞։ Կատարելապես ճիշտ է։ Դեսպանատունը իրավասու չէ մեկնաբանել Բուլղարիայի սահմանապահ ծառայության գործողությունները։ Դիմեք միգրացիոն կամ էլ սահմանապահ ծառայություն», - հայտնեցին դեսպանատնից։

Բուլղարիայի մուտքի հետ կապված խնդրին, պարզվում է, էլի քաղաքացիներ են առնչվել ու պարտադրված վերադարձել Հայաստան։ Ֆեյսբուքի ճանապարհորդական խմբերից մեկում վերջին օրերին նման դժգոհություններով են մարդիկ կիսվում։ Բայց պատճառն էլի չգիտեն։ Բուլղարիայի սահմանապահ ծառայություն և Հայաստանի արտգործնախարարություն հարցում ենք ուղարկել՝ այս դեպքերի առնչությամբ պարզաբանում ստանալու համար։







Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG