Ինչ խախտումներ են գրանցվել
Վրաստանում այսօր վճռորոշ խորհրդարանական ընտրություններ են, որ ընկալվում են որպես ընտրություն Եվրոպայի ու Ռուսաստանի միջև։
Ընտրողների մասնակցությունը կազմել է 58․94 տոկոս, քվեարկել է 2 միլիոնից ավելի քաղաքացի։ Ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի խոսնակն առավոտյան ասել էր, որ «փոքր տեխնիկական խնդիրներից» հետո քվեարկությունն ընթանում է «հանգիստ մթնոլորտում» բոլոր՝ 3 հազարից ավելի ընտրատեղամասերում։
Մինչդեռ, իրավապաշտպաններն ու լրատվամիջոցները տարբեր խախտումների մասին են հաղորդում։ «Վրացական երազանք»-ի հետ կապված անձինք Թբիլիսիի տարբեր հատվածներում խմբերով հարձակվել են ընտրողների, լրագրողների վրա, բռնություն կիրառել ընդդիմության կողմնակիցների նկատմամբ, հաղորդում է «Ֆորմուլա» հեռուստաընկերությունը։
«Թրանսփարենսի ինթերնեշնլ Վրաստանի» գործադիր տնօրենը տեսանյութ է հրապարակել Մառնեուլիի տեղամասերից մեկից, որտեղ քվեաթերթիկների ենթադրյալ լցոնումներ են։ «Վրացական երազանքի» առաջնորդներից Մամուկա Մդինարաձեն հայտարարել է, որ միջադեպի մասնակիցը՝ իր կուսակցության ներկայացուցիչը, «կաշառվել է ընդդիմության կողմից»։ Երկրի ներքին գործերի նախարարությունն արդեն քրեական գործ է հարուցել դեպքի առնչությամբ։
Հաղորդվում է, որ Մառնեուլիի մեկ այլ ընտրատեղամասում վրացական հասարակական կազմակերպությունների դիտորդական առաքելության ներկայացուցչին ծեծի են ենթարկել ենթադրյալ իշխող ուժի դիտորդները։ Զուգդիդիի ընտրատեղամասում ծեծկռտուք է տեղի ունեցել դիտորդի և հանձնաժողովի անդամի միջև, նաև ընտրակաշառքի մասին է հաղորդվում «Վրացական երազանքի» կողմից, ծեծկռտուքներ են եղել Թբիլիսիի ընտրատեղամասերում ևս։
«Վրացական երազանք»-ի հետ կապված մեկ այլ խումբ էլ Թբիլիսիի Գլդանի հատվածի թիվ 60 ընտրատարածքի մոտ բռնություն է կիրառել ընդդիմության կողմնակիցների նկատմամբ։ ISFED-ը հայտնում է, որ Զուգդիդիում «Վրացական երազանք»-ի համակարգողները թիվ 5 ընտրատեղամասում վճարում էին ընտրողներին։
Լագոդեխիում, ըստ հաղորդման, «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները տեղեկություններ էին հավաքում տեղի բնակիչների մասին, ինչն անօրինական է քվեարկության ընթացքում։
Ռուսթավիի ընտրատեղամասերից մեկում «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին հայհոյել են, իսկ անհայտ անձը փորձել է խլել նրա տեսախցիկը։
Նախագահը հայտարարել է, որ չի կարողանում կապ հաստատել ՆԳ նախարարի հետ
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չի կարողանում կապ հաստատել ներքին գործերի նախարարի հետ՝ քննարկելու ընթացիկ միջադեպերը։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն արձագանքել է, թե Զուրաբիշվիլին ոչ մի կապ չունի գերատեսչության ու նրա ղեկավարի հետ, և «նրա կոկորդիլոսի արցունքները» ոչ մեկին չեն հետաքրքրում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բիձինա Իվանիշվիլին՝ «մարդ, որ գնեց երկիրը»․ Politiko
Այսօր ընտրություն կատարելուց հետո երկրի վարչապետը հայտարարել է՝ այս ընտրությունները հավասարազոր են հանրաքվեի՝ կոչ անելով կուսակցություններին ընդունել ընտրությունների արդյունքները. - «Սա հանրաքվե է պատերազմի և խաղաղության, անբարոյական քարոզչության և ավանդական արժեքների, երկրի անցյալի և պայծառ ապագայի միջև»։
Իշխող ուժի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին, իր հերթին, շեշտել է, որ սա «շատ պարզ ընտրություն է»։
«Կամ մենք ընտրում ենք կառավարություն, որը ծառայում է ձեզ՝ վրաց ժողովրդին... կամ ընտրում ենք օտար պետության գործակալ, որը կկատարի միայն օտար պետության առաջադրանքները», - ասել է նա։
Նախագահը շնորհավորել է Վրաստանի ժողովրդին օրվա կապակցությամբ։
«Այս օրը կորոշի Վրաստանի ապագան», - նշել է նա, - «Այս գիշեր հաղթանակ է լինելու, և այս հաղթանակը կլինի Վրաստանի, ողջ Վրաստանի հաղթանակը։ Պարտվողներ չեն լինի, քանի որ հաղթելու է Վրաստանը»։
Պայքար «Վրազական երազանք»-ի և Արևմուտքի հետ ինտեգրման կողմնակից ընդդիմության միջև
Իշխող «Վրացական երազանք»-ը պայքարում է Արևմուտքի հետ ինտեգրման կողմնակից ընդդիմության դեմ: «Ընտրիր խաղաղություն, ոչ թե պատերազմ», սա էր իշխող ուժի նախընտրական հիմնական կարգախոսը։ Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրած կուսակցությունը, որը իշխանության ղեկին է 12 տարի, քարոզարշավի ընթացքում ընտրությունները ներկայացրել է որպես ընտրություն խաղաղության և պատերազմի միջև՝ ասելով, որ ընդդիմության հաղթանակի դեպքում Վրաստանը կներքաշվի Ռուսաստանի հետ պատերազմի մեջ։
Ընդդիմությունը ավելի վաղ քվեարկությունը որակել է ընտրություն Արևմուտքի և Ռուսաստանի, ժողովրդավարության և ավտորիտարիզմի միջև։ Միացյալ Նահանգների և Եվրոպայի պաշտոնյաները ևս քննադատում են «Վրացական երազանքին» ժողովրդավարությունից հեռանալու համար:
ԵՄ երկրները և ԱՄՆ-ն մեծ աղմուկ հանած «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումից և Թբիլիսիի մի շարք այլ որոշումներից հետո սուր քննադատության են ենթարկում վրացական իշխանություններին։ Եվրամիությունը կասեցրել է Վրաստանի ինտեգրման գործընթացը, իսկ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել երկրում «ժողովրդավարությունը խաթարելու համար պատասխանատուների» դեմ։
Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ վրացիները հիմնականում աջակցում են Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին միանալուն, բայց նաև ցանկանում են խուսափել Ռուսաստանի հետ հակամարտությունից և չափազանց պահպանողական են այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են ԼԳԲՏ անձանց իրավունքները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հանրահավաք Թբիլիսիում՝ «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը»Խոշոր ընդդիմադիր կուսակցությունների կազմած դաշինքը՝ «Միասնություն. փրկենք Վրաստանը», գլխավորում է նախկին իշխող «Միացյալ ազգային շարժումը»։ «Հանուն փոփոխությունների» դաշինքը հիմնականում կազմված է նախկինում «Միացյալ ազգային շարժման» հետ առնչվող գործիչներից։
Ընդդիմադիր մի քանի ուժերն ընդհանուր հայտարարի են եկել, որ իրենց հաղթանակի դեպքում նախագահ Զուրաբիշվիլիին թույլ կտան ստեղծել տեխնոկրատ կառավարություն, որը կվերականգնի լավ հարաբերությունները Արևմուտքի հետ և կչեղարկի «Վրացական երազանքի» կողմից ընտրարշավին ընդառաջ ընդունված ավտորիտար օրենքները։
Ընտրություններն ամբողջությամբ համամասնական ընտրակարգով են անցկացվում. Վրաստանի քաղաքացիներն ընտրում են օրենսդիրի 150 պատգամավորների: Նոր ընտրակարգը նշանակում է նաև, որ կուսակցությունները կամ կոալիցիաները պետք է հաղթահարեն 5 տոկոսի շեմը խորհրդարան անցնելու համար։
Առաջին անգամ Վրաստանի ընտրություններում լայնորեն կիրառվում են քվեարկության էլեկտրոնային միջոցները՝ ընտրողների ստուգման և ձայների հաշվման սարքերը: Նոր համակարգի շնորհիվ քվեարկության նախնական արդյունքները կհրապարակվեն ընտրատեղամասերի փակվելուց մոտ երկու ժամ անց։