Վաշինգտոնը շարունակում է դիվանագիտական ջանքեր գործադրել տարածաշրջանում մի շարք առկա հիմնախնդիրներ լուծելու համար, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենի այցը Բաքու։
«Սա գործընթաց է, որի վրա մենք աշխատում ենք արդեն որոշ ժամանակ», - ասել է Միլլերը՝ շեշտելով՝ պետքարտուղարի օգնականը պարբերաբար այցելում է տարածաշրջան։
Պետդեպարտամենտը երեկ հաղորդեց, որ Ջեյմս Օ՛Բրայենը, հունիսի 27-29-ը կայցելի Ադրբեջան և Խորվաթիա։ Բաքվում Օ՛Բրայենը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Հունիսի 11-ին Օ՛Բրայենը Երևանում էր, որտեղ ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության նիստում ամերիկյան կողմի համանախագահն էր: «Ազատությանը» տված հարցազրույցում ամերիկացի բարձրաստիճան դիվանագետն ընդգծել էր՝ ժամանակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գան խաղաղության պայմանագրի շուրջ, և որ պահանջներ դնելու, հավելյալ բանակցություններ անցկացնելու գործելաոճը պետք է դադարեցվի:
Իսկ մայիսին, Վրաստանում իշխող ուժի հեղինակած «օտարերկրյա գործակալի» մասին վիճահարույց օրենքի ընդունման դեմ բազմահազարանոց բողոքի ցույցերի ֆոնին, Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալը ժամանել էր Թբիլիսի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել Օ’Բրայենի հետ․ Վրաստանի վարչապետ