Վաշինգտոնը միշտ էլ առիթներ է փնտրում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման համար, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հույս ունի ևս մեկ հանդիպում կազմակերպել Նյու Յորքում՝ հիշեցնելով, որ Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Միլլերը շեշտել է, որ Վաշինգտոնը շարունակում է աջակցել Երևանի և Բաքվի ջանքերին՝ կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի հասնելու համար։
«Նրանք զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ, և մենք պարտավորվում ենք ամեն կերպ աջակցել կողմերին, այդ թվում՝ հանդիպում հրավիրել, եթե դա օգտակար է», - ասել է Միլլերը։
Երևանն ու Բաքուն հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի մոտ 80 տոկոսի շուրջ ընդհանուր հայտարարի են եկել։ Օրերս Երևանում կայացած «Երևանյան երկխոսություն» համաժողովի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց խաղաղության պայմանագրի այս պահին համաձայնեցված տեքստը ստորագրելու, չհամաձայնեցված հարցերը ապագային թողնելու պատրաստակամությունը։ Փաշինյանի այս առաջարկը Բաքուն մերժել է։ Ադրբեջանը պայմանագիրը ստորագրելու նախապայման է համարում Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը, Հայաստանն էլ Բաքվի այս պահանջն իր ներքին գործերին միջամտելու փորձ է որակում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը վերահաստատում է խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստն առաջիկայում ստորագրելու պատրաստակամությունըԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն կրկին չի ընդունում Փաշինյանի հայտարարությունները