ԱՄՆ-ը կշարունակի աշխատել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի հետ կոնկրետ հանդիպումների ուղղությամբ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը։
Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի համար Բաքվի և Երևանի միջև բանակցություններն առաջնահերթություն են։
«Հարավային Կովկասի համատեքստում սա առաջնահերթություն է մեզ համար, առաջնահերթություն է պետքարտուղարի և այս գերատեսչության մյուս պաշտոնյաների համար։ Չեմ կասկածում, որ հատուկ հանդիպումներ և ներգրավվածություններ կլինին գագաթնաժողովի շրջանակներում։ Բայց ժամանակացույցի մասին դեռ չեմ ուզում խոսել», - եզրափակել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակը։
Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հրավիրել է մասնակցելու ՆԱՏՕ-ի գործընկերների հավաքին՝ Վաշինգտոնում հաջորդ ամիս կայանալիք գագաթնաժողովի շրջանակում:
Պաշտոնական Երևանը հանդիպման հրավերն ընդունել է, Բաքվից հրապարակային որևէ արձագանք դեռ չկա:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն ամերիկյան հարթակում խաղաղության պայմանագրի շուրջ վերջին անգամ բանակցել են անցած տարվա հունիսին: Դրանից հետո Բաքուն բոյկոտել էր ամերիկյան հարթակը՝ Վաշինգտոնին մեղադրելով «միակողմանի մոտեցման» համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ամերիկյան կողմին կհաջողվի՞ հայ-ադրբեջանական բանակցություններ կազմակերպել Վաշինգտոնում