«Վանաձորում սպասվում են ընտրություններ և բնականաբար փոփոխություններ», - հնարավոր արտահերթ ընտրությունների մասին «Լուսավոր Հայաստան» կուսակցության (ԼՀԿ) նախագահ Էդմոն Մարուքյանի կանխատեսումն է։
Մարուքյանը Youtube-ի ալիքում տեղեկացրել է, թե օրեր առաջ վարչական դատարան են դիմել ու հրաժարվել իրենց հետընտրական հայցից, որի պատճառով արդեն երեք տարի Վանաձորի ավագանին համայնքի ղեկավար ընտրելու իրավունք չունի։
ԼՀԿ-ը 2021-ի ընտրությունների արդյունքները բողոքարկել էր։ Մի ուրիշ հայցով էլ դիմել էր դատարան, որ ավագանուն արգելեն համայնքի ղեկավար ընտրել այնքան ժամանակ, քանի դեռ կուսակցության բողոքի քննությունն ընթանում է։ Անցած տարի սեպտեմբերին ընտրական վեճն ավարտվեց, դատարանը համարեց, որ ավագանու կազմում «Լուսավոր Հայաստան»-ը մանդատ չունի։ Բայց նիստեր գումարելու արգելքի գործn ավելի քան մեկ տարի չի փակվել, դատական նիստի օր է նշանակվել հաջորդ տարվա հունիսին։
Էդմոն Մարուքյանը, որ Վանաձորի տեղական ընտրություններից ամիսներ անց վարչապետ Նիկոլ Փաշինյանից պաշտոն էր ստացել, իսկ իր գլխավորած կուսակցությունն էլ որևէ կերպ չէր միջամտում Վանաձորում տեղի ունեցող գործընթացներին, պնդել է, թե արել են ձեռքից եկած ամեն ինչ, որ քաղաքական գործընթացները Վանաձորում տեղից շարժվեն։
Չորս ամիս առաջ բանտից ազատված նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանն անլուրջ է ընդունում Էդմոն Մարուքյանի հորդորները, թե գնացեք, նիստ գումարեք ու համայնքի ղեկավար ընտրեք՝ պնդելով՝ «ինձ համար Վանաձորի ավագանու հետ կապված իր կողմից հնչող ելույթները արժանահավատ չեն»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մամիկոն Ասլանյանն ու իր ղեկավարած դաշինքը դեռ որևէ քաղաքական քայլ չեն արել համայնքի ղեկավարի ընտրության հարցովԿոռուպցիոն մեղադրանքներով դատարանի առաջ կանգնած նախկին համայնքապետը, որ 2021-ի ընտրություններին ամենաշատ թվով ձայներն էր ստացել ու օրեր անց կալանավորվել, ասում է՝ իր գլխավորած կուսակցությունը գործող ավագանիով համայնքի ղեկավարի ընտրություն չի նախաձեռնի, դրա հիմքն այսօր չեն տեսնում։
Վարչապետի նշանակած համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն էլ ամեն ինչ կապում է դատական գործընթացների հետ։
Վերաքննիչ վարչական դատարանը դեռ չի քննել «Լուսավոր Հայաստան»-ի հայցից հրաժարվելու մասին երկու շաբաթ առաջ ներկայացրած դիմումը։ Եթե քննի, ենթադրաբար, կկարճի գործն ու Վանաձորի ավագանին ստիպված կլինի համայնքի ղեկավարի ընտրություն կազմակերպել։ Եթե չընտրվի համայնքապետ, ավագանին կցրվի ու նոր ընտրություններ տեղի կունենան։
Արդյոք իշխանությունները կգնա՞ն այս սցենարով, թե՞ դատական գործընթացները ձգձգելու այլ հնարավորություններ կգտնեն, պարզ չէ։
«Քաղաքացիական պայմանագրի» տեղի կառույցի ղեկավար, վարչապետի խորհրդական Արամ Խաչատրյանն ասում է՝ իրենց կուսակցությունն ընտրությունների կամ թեկնածուի հարց մոտակա ժամանակների համար չի քննարկել։
Ավելի մանրամասն՝ «Ազատության» ռեպորտաժում.
Your browser doesn’t support HTML5