Վանաձորի Աղայան փողոցը կառուցած ընկերությանը գումարի 10 տոկոսը չի վճարվել. ըստ տեսչական մարմնի՝ շինարարությունն անորակ է

Դեռ երկու տարի առաջ Վանաձորում կառուցված մեկ կիլոմետրանոց Աղայան փողոցը համայնքապետարանում այսօր դեռ ավարտված չեն համարում ու շինարարական ընկերությանը չեն վճարել նախատեսված գումարի 10 տոկոսը։

Տեսչական մարմինը համարել է, որ 365 միլիոն դրամանոց շինարարությունն անորակ է, թերություններ ունի և պետության ու համայնքի միջոցներով կառուցված ճանապարհի համար ավարտական ակտ չեն կազմել։

Վանաձոր համայնքապետարանից «Ազատությանը» գրավոր պատասխանել են, որ ոչ ճանապարհի ավարտական ակտ կա, ոչ էլ թերությունների մասին հանձնաժողովի արձանագրություն։ Համայնքապետարանն իր մասով, սակայն, խնդիրներ չի տեսել ու վճարել է գումարի իր մասնաբաժինը, կառավարությունը մինչդեռ հրաժարվել է վճարել 10 տոկոսը՝ 36 միլիոն դրամ։

Վանաձորի Դիմաց թաղամաս տանող այս փողոցի շինարարությունը դեռ 2021 թվականի նախընտրական շրջանում էր սկսվել՝ նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի օրոք։

Ընտրություններից ու Ասլանյանի կալանքից հետո շինարարությունը դադարեցվեց ու ամիսներ շարունակ հարակից շենքերի բնակիչները դժգոհում էին, որ քանդված փողոցի պատճառով արևին փոշու մեջ են, անձրևին՝ ցեխի։ Բանը հասավ նրան, որ կես տարի անց բնակիչները բողոքի ակցիա արեցին՝ դժվար անցանելի դարձած ճանապարհը փակեցին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վանաձորցիներն անժամկետ փակել են քաղաքի գլխավոր ճանապարհներից մեկը

Ի վերջո իշխանավորները հայտարարեցին, թե բանակցում են շինարարական կազմակերպության հետ՝ դադարեցված աշխատանքը վերսկսելու ուղղությամբ։ Հենց այդ ժամանակ էր, որ շինարարության պայմանագրի գինը մեծացավ։ Համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը մրցույթում հաղթած «Լեոպոլդ և ընկերներ» ընկերության հետ հավելյալ 33 միլիոն դրամի պայմանագիր կնքեց։

Ո՞ւմ է պատկանում շինարարական ընկերությունն ու ինչո՞ւ նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի հետ կնքած պայմանագիրը նրան կալանավորելուց հետո կյանքի չէր կոչվում։ Դեռ այդ ժամանակ կարծիքներ հնչեցին, որ ընդդիմադիր դաշինքի ղեկավար, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամու ընտանիքին պատկանող շինարարական «Լեոպոլդ և ընկերներ» ընկերությունը քաղաքական պատճառներով չի շարունակում աշխատանքը։

Ավելի վաղ, «Ազատությանը» տված հարցազրույցում ընկերության սեփականատեր Արմեն Բադալյանը հաստատել էր՝ Ռոբերտ Քոչարյանի հետ խնամիական կապեր ունեն, բայց հերքել, թե քաղաքականությունը խառնում է գործին։

«Իմ հորեղբոր աղջիկը իրանց հարսն է, ընտանեկան կապ ունեմ, բայց իմ բիզնեսը ոչ մի ձև կապված չի իրենց հետ ու ոչ ոքի հետ կապված չի, որովհետև իմ աշխատանքի արդյունքն է», - ասել է Բադալյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մ6 մայրուղի - Մարց ճանապարհը կհիմնանորոգի Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած «Եվրոասֆալտ» ընկերությանը

Դեռ 2022-ից այլ շինարարական ծրագրերից դժգոհ՝ Տարածքային կառավարման նախարարությունը մի քանի անգամ դիմել է՝ «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ին գնումներին մասնակցելու իրավունք չունեցողների սև ցուցակում ընդգրկելու պահանջով։ Պահանջը բավարարվել էր, ընկերությունը անցած երկու տարիներին դատարաններում վիճարկում էր իրենց սև ցուցակ գցելու որոշումն ու միաժամանակ շարունակում մասնակցել պետական գնումներին։ Բայց այս տարվա հունվարին դատարանի վճիռն ի վերջո ի վնաս նախկին նախագահի խնամու ընկերության էր։ Դրանից հետո այլևս «Լեոպոլդ և ընկերներ» շինարարական կազմակերպությունը պետական մրցույթներին չի մասնակցել։

Արդյոք այս դեպքում «Լեոպոլդ և ընկերներ»-ը կվերացնի՞ Աղայան փողոցում եղած թերությունները, որոնց մասին անգամ պաշտոնական արձանագրություն չկա։ Ընկերությունից հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեցին։ Համայնքապետարանից նշել են, որ դեռևս ավարտական ակտ չունեցող փողոցի երաշխիքային ժամկետը վերջանում է 2026 թվականին։

Մեկ ամիս առաջ կառավարության նիստերից մեկում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր թերություններով արվող շինարարությունների մասին, նշել, որ քննարկում են՝ ինչպես անեն, որ տեղական ու պետական բյուջեից խոշոր գումարներ ստացող շինարարական ընկերություններն ավելի պատասխանատու վերաբերվեն գործին։

«Հիմա մենք ի՞նչ ենք անում, մենք փող ենք հատկացնում, ասում ենք, էս ճանապարհի նորոգումն արժի 1 միլիարդ դրամ, ինչ-որ մեկը մրցույթում շահում է, էդ գումարը վերցնում գնում է, հիմնանորոգում է ճանապարհը, մենք գնում ենք ընդունում, և մեր հարաբերություններն այդտեղ ավարտվում են: Հակադարձ տրամաբանությունը հտևյալն է, որ մենք մրցույթ ենք հայտարարում, որ այս ճանապարհն ով կնորոգի, ըստ էության, իր միջոցներով, մենք այդ ճանապարհը քանի տարի օգտագործվեց ստանդարտով ամեն տարի իրեն կվճարենք էդ ճանապարհի օգտագործման համար», - ասել է Փաշինյանը:

Արդյոք քննարկվող այս գաղափարը կհաստատվի՞ ու թե որքանո՞վ դրանից գոհ կմնան շինարարական կազմակերպությունները, դեռ հայտնի չէ։