«Չգիտեի, որ ոստիկաններ էին, առանց ներկայանալու ծեծում էին». Վահե Նավոյանին առնչվող գործով դեպքից կես տարի անց մեղադրյալ չկա

28-ամյա Վահե Նավոյանը խոշտանգման գործով տուժող է։ Պնդում է՝ դեռ մարտին ոստիկանների կողմից մայրաքաղաքի ավտոկայանատեղիներից մեկում, ապա ոստիկանական բաժանմունքում բռնության է ենթարկվել ու մինչև հիմա սպասում է, որ իրեն առերեսման կանչեն։

Դեպքից կես տարի անց ոչ մեղադրյալ կա, ոչ էլ գիտի, թե արդյոք ոստիկանները հարցաքննվե՞լ են։ «Ազատությանը» Քննչականից փոխանցեցին միայն, որ նախաքննությունը շարունակվում է. այլ հարցերի չպատասխանեցին։ Երիտասարդ տղամարդը պատմում է նաև, որ իրավապահները հրաժարվում են իրենց տրամադրել գործի նյութերը. ինչո՞ւ՝ չգիտեն:

«Մենք ոչ մի նյութ չենք չստացել, այսինքն, քանի ոստիկան է հարցաքննվել, հարցաքննվել է, թե չի հարցաքննվել», - նշեց երիտասարդը:

Վահե Նավոյանը գարնանը ծանոթներից մեկի հետ բիզնես էր որոշել սկսել, փող տվել նրան, բայց ծանոթը ոչ գործն էր սկսել, ոչ էլ փողը վերադարձրել։ Ինքն էլ պարտքի դիմաց նրա ավտոմեքենան էր վերցրել, մինչև գումարը հետ ստանա։ Ասում է՝ միջադեպի օրը ծանոթը զանգահարել էր, թե «ավտոմեքենայով ինչ-որ իր եմ ուղարկում, դուրս արի, վերցրու», բայց պարզվել էր՝ ոստիկանների է ուղարկել, որոնք էլ ուժով նստացրել էին իրեն ավտոմեքենա ու տարել ավտոկայանատեղիներից մեկը:

«Խփելու համար ոչ մի մեկնաբանություն չի եղել, վնասվածքները ծանր չեն եղել, կապտուկներ են եղել: Ես դատաբժշկական փորձաքննության եմ գնացել դեպքից մոտ մեկ ամիս հետո, իսկ մեկ ամիս հետո ամեն ինչ մաքրված է եղել, բնականաբար», - ներկայացրեց Նավոյանը:

Ավտոկայանատեղիի տեսախցիկի կադրերը հայտնվել էին Վահեի բարեկամների ձեռքում, հետո տարածվել համացանցում։ Կադրում երևում է, որ երեք ավտոմեքենա է ժամանում կայանատեղի, դրանցից դուրս են գալիս քաղաքացիական հագուստով մի քանի տղամարդիկ։ Լսվում են կոպիտ հայհոյանքներ, տղամարդիկ պարբերաբար մտնում են ավտոմեքենաներից մեկի հետնամաս։

«Չգիտեի, որ ոստիկաններ էին, առանց ներկայանալու, առանց որևէ պահանջի ծեծում էին», - հիշում է Նավոյանն ու պատմում, որ դրանից հետո արդեն իրեն տեղափոխել էին ոստիկանական բաժանմունքում, էլի առանց պահանջներ ներկայացնելու գործի դրել բռունցքները։

«Ես միայն ոստիկանական բաժանմունքում նոր իմացա, որ գործ ունեմ ոստիկանության աշխատակիցների հետ, ոչ ոք չի ներկայացել, ոստիկանական մեքենա չի եղել», - պնդեց նա:

Դեպքից 15 օր անց միայն Քննչականը քրեական գործ էր հարուցել խոշտանգման հոդվածով և դրանից 15 օր հետո նոր ուղարկել դատաբժշկական փորձաքննության, որը, սակայն կապտուկները չէր արձանագրել՝ դրանք արդեն անցել էին։ Նավոյանը պնդում է՝ առանց կապտուկների էլ կան այլ ապացույցներ՝ տեսանյութը, ավտոկայանատեղիի երկու ականատեսները։

Դեպքից հետո ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել, բաց քրեական գործի հարուցումից հետո գործընթացը դադարեցված է։ Ոստիկանությունից որևէ պարզաբանում չեն տալիս Նավոյանի այս պնդումների վերաբերյալ, ասում են՝ քննության ընթացքում չեն կարող տեսակետ հայտնել։

Փաստաբանները պնդում են՝ այս գործերը շատ դանդաղ են քննում

Մինչ այդ, տուժող ճանաչված երիտասարդ տղամարդու փաստաբանը պնդում է՝ քննությունը շատ դանդաղ է ընթանում. - «Չեն ուզում ոստիկանությունից խոշտանգման հոդվածով որևէ պաշտոնատար անձի նկատմամբ մեղադրանք առաջադրեն, գուցե ոստիկանության ռեպուտացիայի հարցն է, ըստ իրենց, որովհետև իմ կարծիքով ամբողջ պետության իրավական համակարգի համար շատ ավելի ճիշտ կլինի, համբավը կբարձրանա, եթե որևէ հանցագործություն կատարած անձ ենթարկվի պատասխանատվության»:

Փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանի խոսքով՝ քննության մանրամասներից իրենց տեղյակ չեն պահում, այնինչ խոշտանգումների գործերով թե՛ Եվրոպական և թե՛ վճռաբեկ դատարանը արդյունավետ քննության համար իրավապահներին հորդորում են համագործակցել տուժողի հետ, բայց այս դեպքում իրենք խնդրողի դերում են կամ հենց իրենք են վկաներին հայտնաբերել ու այդ մասին հայտնել իրավապահներին։

Խոշտանգումների գործերով տասնյակ տուժածների փաստաբան Արա Ղարագյոզյանը ևս պնդում է՝ այս գործերը շատ դանդաղ են քննում, այնքան, որ տուժողները երբեմն հոգնում են, հիասթափվում։

«Նախևառաջ պետք է քաղաքական կամք լինի, քանի որ խոշտանգումները բացարձակ իրավունք են ու պետությունը կրում է պարտականություն, բայց, ցավոք սրտի, հաշված դեպքեր կան, որ խոշտանգման հոդվածով գործը գնում է դատարան», - նշեց Ղարագյոզյանը:

Ինչո՞ւ են իրավապահները դանդաղ քննում վաղեմության ժամկետ չունեցող հոդվածով այս գործերը, Ղարագյոզյանի կարծիքով, տպավորություն է, որ քննիչները չեն ուզում պատասխանատվության ենթարկել գործընկեր ոստիկաններին։

Վերջին ամիսներին Հայաստանի ոստիկանության աշխատանքը քննադատել են միջազգային մի շարք հեղինակավոր իրավապաշտպան կառույցներ։ Ներքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները ընդունում են, որ ոստիկանությունում խնդիրներ կան, բայց վստահեցնում են, որ դրանք վերացնելու համար շարունակում են բարեփոխել համակարգը։