Վաղը Մոսկվայում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերը կհանձնի Պուտինին

Վաղը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում կընդունի Ռուսաստանում նշանակված մի շարք դեսպանների, այդ թվում՝ Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի հավատարմագրերը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ընդհանուր առմամբ վաղը Պուտինին իրենց հավատարմագրերը կհանձնեն 28 երկրների դեսպաններ։ Դրանց թվում է լինելու նաև Ադրբեջանի նորանշանակ դեսպան Ռահման Մուստաֆաևը։

Նա այս պաշտոնում փոխարինել է ավելի քան 18 տարի որպես դեսպան պաշտոնավարած Փոլադ Բյուլբյուլօղլիին։

Արսենյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպան է նշանակվել նախագահի՝ օգոստոսի 14-ի հրամանագրով։ Դրանից օրեր առաջ նա վայր էր դրել պատգամավորական մանդատը։

Հայ-ռուսական սրված հարաբերությունների այս փուլում մինչև պաշտոնապես նշանակվելը նա ասել էր, թե հույս ունի մեղմել սուր կետերն ու փոխել երկու երկրների հարաբերությունների ալգորիթմը։