Մեկուկես ամիս է մնացել Երևանում միասնական տոմսային համակարգի գործարկմանը, բայց դեռ հայտնի չէ, թե որ խմբերն են տրանսպորտից օգտվելու արտոնություններ ունենալու: «Ազատությանը» հանդիպած ուղևորները ենթադրություններ էին անում՝ իրենք կհայտնվե՞ն այդ ցուցակում, թե՞ ոչ։
Քաղաքապետարանի այսօրվա գործակարգավարական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց՝ այս թեմային դեռ կանդրադառնան, ժամկետներ չնշեց: Ավելի վաղ քաղաքային իշխանության ներկայացուցիչներն ընդգծել էին՝ աշխատող թոշակառուները չեն օգտվելու արտոնություններից:
«Գալիք նիստերի ընթացքում մենք անպայմանորեն ավագանու նիստին քննարկելու ենք արտոնությունների փաթեթն այն մարդկանց խմբերի համար, որոնք իրապես այդ արտոնությունների կարիքն ունեն, և վստահաբար այդպիսիք կան, որ նույնիսկ այս 100 դրամ տրամաբանությամբ վճարման համակարգում ունեն վճարելու խնդիր», - ասաց քաղաքապետը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մետրոյում կուտակումները միասնական տոմսային համակարգի հետ կապ չունեն. Երևանի քաղաքապետԱրդեն 11 օր է, ինչ Man, ZhongTong և GazelCity ավտոբուսներից օգտվողները վճարման 3 տարբերակ ունեն՝ 100 դրամանոց մետաղադրամով, թղթային QR կոդով և Tellcell-ի հեռախոսային հավելվածով կամ բանկային հավելվածով: Քաղաքային իշխանությունը պարբերաբար հայտարարում է, թե այս 11 օրերի ընթացքում ավելի շատ գումար է հավաքագրվում տրանսպորտից։
Աճող թվերին զուգահեռ վճարման տեխնիկական խնդիրները դեռ չեն հաղթահարվում, նեղսրտում են «Ազատությանն» այսօր հանդիպած քաղաքացիները. - «Համակարգը չի արձագանքում։ Առել ենք, ու ինքը կարող է չճտտա, արձագանք չկա։ Ամուսինս 10 հատ վերցրել էր, ու 2-ն ընդամենն անցան»։
100 դրամով վճարեն, QR կոդով, թե հեռախոսային հավելվածով, միևնույնն է՝ կանգառում դեռ երկար են ավտոբուսներին սպասում, հաճախ մի քանիսը բաց են թողնում, որովհետև մեկ ոտքի տեղ անգամ չի լինում, ասում են քաղաքացիները. - «Հունվարի 1-ից բարելավեք վիճակն, այսպիսի խայտառակություն չլինի։ Վճարը կվճարվի»։
Վճարման նոր մեթոդները յուրացրածներ էլ կան, ասում են՝ «ցիվիլ է»։
Կանգառում ավտոբուսներին երկար սպասող ուղևորների դժգոհությունները կնվազեն, երբ գիծ մտնեն նոր ավտոբուսները, հուսադրում են քաղաքապետարանից: Այսօրվա նիստում հայտարարվեց՝ 171 նոր ավտոբուսներն ու 14 տրոլեյբուսներն արդեն Երևանում են, այժմ մաքսազերծման աշխատանքներն են ընթանում: Երթուղիները դեռ պարզ չեն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 100 դրամանոցի փնտրտուք է Երևանով մեկ. փոփոխություն՝ հանրային տրանսպորտի վճարման համակարգումՔաղաքապետ Ավինյանն այսօր կարևորեց հունվարի 1-ից միասնական տոմսային համակարգին ամբողջությամբ անցումը։ Որ զարգացած երկրներից հետ չմնալն ու քաղաքակիրթ տրանպորտ ունենալը կարևոր է, շեշտում են նաև բնակիչները, բայց մի տարբերության վրա են ուշադրություն հրավիրում. - «Եվրոպական երկրներում այս նույն 20 հոգու համար նախատեսված ավտոբուսներում 40 հոգի չի նստում, չի երթևեկում։ Այդ առումներով մենք նաև կարող ենք նմանվել Եվրոպային, ոչ թե միայն 100 դրամի առկայությամբ կամ QR կոդերով»։
Երևանի քաղաքապետարանն ավելի վաղ հայտարարել էր՝ հունվարի 1-ից 8 հազար 800 դրամ կարժենա 30 օրվա տոմսային փաթեթը, 23 հազար 600՝ 90 օրվանը, իսկ մեկ տարվանը՝ 88 հազար դրամ: Բոլորի դեպքում երթևեկությունների թիվը կլինի անսահմանափակ։ Օրական տոմս էլ կլինի՝ 280 և 300 դրամ՝ 90 րոպեի համար։ Մեկ փաթեթից կարող է օգտվել միայն մեկ քաղաքացի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեկ ուղևորությունը 100 դրամով պետք է հասանելի լինի. Հայկ Մարության
Զուգահեռ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է ստորագրահավաք անցկացնում՝ մեկ երթի համար 100 դրամ սակագինը պահպանելու պահանջով։