Վերընտրվելուց հետո իր առաջին հարցազրույցում հանրապետական Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր պաշտոնավարման առաջնահերթություններից մեկը լինելու է սահմանների ուժեղացումը:
NBC News-ի՝ նախընտրական խոստման մասսայական արտաքսումների մասին հարցին ի պատասխան Թրամփը նշել է, որ իր վարչակազմը ընտրության հնարավորություն չունի և պարտավոր է իրականացնել դրանք:
Իր հաղթանակը դեմոկրատական թեկնածուի և ներկա փոխնախագահ Քամալա Հարիսի նկատմամբ Թրամփը բնութագրել է որպես «առողջ բանականությունը երկիր վերադարձնելու մանդատ»։
Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ Թրամփի դաշնակիցները և մասնավոր բիզնեսի ներկայացուցիչները գաղտնի կերպով նախապատրաստվում են ներգաղթի քաղաքականության փոփոխություններին։ Հեռուստաընկերության աղբյուրներից մեկի խոսքով՝ Թրամփի թիմում նախնական քննարկումները կենտրոնացած էին հանցագործություն կատարած ապօրինի ներգաղթյալների արտաքսման վրա։ Բանավեճի հիմնական հարցերից մեկն այն է, թե արդյոք պետք է արտաքսել այն ներգաղթյալներին, ովքեր մանկության տարիներին են տեղափոխվել ԱՄՆ։
Թրամփի խոսքով՝ իր դիրքորոշումն այս հարցում հաջող է, քանի որ «մարդիկ ցանկանում են, որ երկիր այցելեն օրինապահ քաղաքացիներ»։
The Wall Street Journal-ի գնահատմամբ՝ արտաքսումները կարող են ազդել մոտ 20 միլիոն ներգաղթյալների վրա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դոնալդ Թրամփը վերադառնում է Սպիտակ տուն