Կմասնակցի՞ արդյոք Դոնալդ Թրամփը նոր նախընտրական դեբատներին։ Միացյալ Նահանգների 45-րդ նախագահն այս հարցի պատասխանը դեռ չունի։
«Երբ դու հաղթել ես, երկրորդ անգամ նույնն անելու կարիք արդեն չկա։ Կտեսնենք, բայց կարծում եմ բանավեճը մեզ համար շատ հաջող էր։ Սա նման է բռնցքամարտի։ Երբ բռնցքամարտիկը նոկաուտի է ենթարկվում կամ միավորներով պարտվում է, առաջինն, ինչի մասին սկսում է խոսել, ռևանշն է։ Բոլոր հարցումները, սակայն, վկայում են, որ մենք ենք հաղթել։ Արդյոք մենք ռևանշի կգնանք՝ չգիտեմ։ Կմտածենք դրա մասին», - չորեքշաբթի օրը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարում էր Դոնալդ Թրամփը։
Նրա այս հայտարարությունները, այնուհանդերձ, իրականությանն այնքան էլ չեն համապատասխանում։ Սեպտեմբերի 10-ի բանավեճից հետո անցկացված հարցումների արդյունքները վկայում են՝ Թրամփի ելույթը բանավեճի ընթացքում շարքային ամերիկացիները շատ ավելի թույլ են գնահատում, քան Հարիսինը։
CNN-ի հարցման համաձայն՝ դեբատներին ուղիղ եթերում հետևած ամերիկացիների 63 տոկոսը հաղթող է համարում Քամալա Հարիսին, և միայն 37 տոկոսը՝ Դոնալդ Թրամփին։
YouGov սոցիոլոգիական ծառայության տվյալներով էլ` Հարիսի ելույթն ավելի համոզիչ է որակել գրանցված ընտրողների 54, Թրամփինը՝ 31 տոկոսը։
Հանրապետականների նախընտրական շտաբի համոզմամբ, Հարիսի՝ սպասվածից լավ ելույթի պատճառը դեբատների հաղորդավարների՝ ABC հեռուստաընկերության լրագրողների պահվածքն էր։ Այս մասին Fox News-ի հետ զրույցում նշում էր նաև ինքը՝ Դոնալդ Թրամփը, կրկին պնդելով, թե հենց ինքն է դեբատների հաղթողը։
«Չնայած այն համգամանքին, որ սրանք ազնիվ դեբատներ չէին, բոլոր հարցումները վկայում են, որ մենք հաղթել ենք մեծ առավելությամբ։ Իրականում այդ բանավեճը կարելի է այպես նկարագրել՝ երեքը մեկի դեմ», - պնդում էր Թրամփը։
Նախկին նախագահը նաև նշում է, թե նոր դեբատների անցկացմանն ինքը կհամաձայնի, եթե դրանք կազմակերպեն իրեն աջակցող Fox News-ը կամ էլ համեմատաբար չեզոք հեռուստաընկերության համբավ ունեցող NBC-ն։
Ամերիկացի քաղաքագետների համոզմամբ՝ սեպտեմբերի 10-ի բանավեճը կարող է շատ լուրջ շրջադարձային կետ դառնալ Քամալա Հարիսի նախընտրական արշավի համար։
«Փոխնախագահ Հարիսը և նրա թիմն այս դեբատներից հետո գոհունակություն զգալու բոլոր հիմքերն ունեն։ Այժմ նրանք կարող են հուսալ, որ այս ձեռքբերումը հնարավոր կլինի պահպանել։ Ավելին՝ չի բացառվում, որ սա նոր լիցք հաղորդի Հարիսի քարոզարշավին», - Reuters-ի հետ զրույցում նշում էր Փենսիլվանիայում գտնվող Վիլանովայի համալսարանի պրոֆեսոր Դեյվիդ Բարետը։
ABC-ի տեղեկություններով ևս Հարիսի նախընտրական շտաբում ընտրություններից մոտ յոթ շաբաթ առաջ պատրաստվում են որոշակիորեն փոխել մարտավարությունը։ «Առաջիկա նախընտրական հանրահավաքներում Հարիսը պատրաստվում է շատ ավելի նախահարձակ հռետորաբանություն գործի դնել՝ փորձելով զարգացնել սեպտեմբերի 10-ի բանավեճի ընթացքում արձանագրված հաջողությունը», - նշում է ABC-ն։
Հարիսին խանգարող հանգամանքներ, սակայն, ևս առկա են։ Դրանցից գլխավորը գործող նախագահ Ջոզեֆ Բայդենն է, որը քարոզարշավից դուրս գալուց հետո էլ շարունակում է անհեթեթ իրավիճակներում հայտնվել։ Նախօրեին Շանքսվիլ քաղաք կատարած այցի ժամանակ Բայդենը համաձայնեց տեղի հանրապետական բնակիչներից մեկի առաջարկին և վերցնելով նրանից Թրամփի անունով կարմիր գլխարկը՝ դրեց գլխին։
«Ես հպարտանում եմ քեզնով, ծերուկ», - արձագանքեց Բայդենից տարիքային առումով շատ չտարբերվող հանրապետականը։
Գլխարկային սականդալն այն աստիճանի հնչեղություն ստացավ, որ երեկոյան կողմ Սպիտակ տունը ստիպված էր մեկնաբանել միջադեպը՝ հայտարարելով, թե Բայդենը Թրամփի գլխարկը կրում էր «որպես միասնության խորհրդանիշ»։
Թրամփի նախընտրական գլխարկներն, ի դեպ, արտադրվում են Թուրքիայում։ Sabah օրաթերթի տեղեկություններով՝ հանրապետականների նախընտրական շտաբը Թրամփի անունով և «Կրկին հզորացնենք Ամերիկան» գրառմամբ 100 հազար կարմիր գլխարկ է պատվիրել թուրքական Ադիյաման քաղաքում գտնվող գործարաններից մեկում։