Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության ղեկավարն այցելել է Դամասկոս

Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալըն, արխիվ

Տարածաշրջանային և արևմտյան երկրների հետ լայնածավալ խորհրդակցություններից հետո Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընն այցելել է Դամասկոս, Anadolu փոխանցմամբ, սաուդյան Al Hadath հեռուստաալիքին ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Ինչպե՞ս պետք է տարածաշրջանային և համաշխարհային երկրները շփվեն Դամասկոսի նոր վարչակազմի հետ: Մեր շփումների միջոցով մենք դիտարկել ենք ընդհանուր ընկալումներ և պահանջներ»,- ասել է Ֆիդանը՝ շարունակելով․ - «Կան սկզբունքներ, որոնց շուրջ կողմերը կարծես թե համաձայն են, օրինակ, նոր դարաշրջանում ահաբեկչական կազմակերպությունների կողմից Դամասկոսից շահույթ ստանալու կանխում, լավ վերաբերմունք՝ փոքրամասնությունների, մասնավորապես քրիստոնյաների, քրդերի, ալևիների, թուրքմենների նկատմամբ, ներառական կառավարության ստեղծում, ինչպես նաև երաշխիքներ, որ Դամասկոսը վտանգ չի ներկայացնի իր հարևանների համար»։

Քալընի այցի ստույգ օրը Ֆիդանը չի նշել, սակայն ասել է, որ Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավարը մյուս կողմին է փոխանցել միջազգային հանրության, տարածաշրջանի ու Թուրքիայի տեսակետը։

«Մեր ուղերձը հստակ է. պետք է հրաժարվել գերիշխանության և իմպերիալիստական նկրտումներից», - հայտարարել է Ֆիդանը։

Թուրքիայի արտգործնախարարը նշել է՝ Մերձավոր Արևելքի երկրները պետք է հարգեն միմյանց սահմաններն ու ինքնիշխան իրավունքները։

Դեկտեմբերի 8-ի գիշերը սիրիական թուրքամետ ապստամբ զինյալները մտան Դամասկոս, հայտարարեցին 24 տարվա ղեկավար Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալման մասին։ Ասադը լքեց Սիրիան։ Այժմ նա գտնվում է Մոսկվայում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հալեպն ու Դամասկոսը կարող էին թուրքական քաղաքներ լինել»․ Էրդողան