ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը չի բացառում, որ հայկական ու ադրբեջանական կողմերում կան կուլիսային բանակցություններ։
«Ազատության» հարցին, թե արդյոք փակուղում է խաղաղության պայմանագրի գործընթացը՝ առաջին հերթին հաշվի առնելով Լոնդոնում Փաշինյան-Ալիև չկայացած հանդիպումը, ընդդիմադիր պատգամավորն ասաց. - «Ես խուսափում եմ օգտագործել փակուղի եզրույթը, որովհետև հատկապես վերջին 2-3 տարիների ընթացքում եղել են իրավիճակներ, երբ արտաքուստ հանրային հնչեղություն ձեռք բերած տարբեր խնդիրների շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը ցույց են տվել լրիվ հակառակ մոտեցումներ, բայց շատ կարճ ժամանակ հետո եղել է հայտարարություն համատեղ, էլ չեմ խոսում պայմանավորվածությունների մասին և այլն։ Այնպես որ, այս իրավիճակում ես ինքս դեռևս չեմ շտապում այն համարել փակուղային»։
Ավելին, Տիգրան Աբրահամյանը նշեց՝ չի բացառում, որ երկու կողմում կան կուլիսային բանակցություններ, միգուցե նաև որոշ հարցերի շուրջ պայմանավորվածություններ. - «Բայց, նաև կա պայմանավորվածություն արտաքին ֆոնին ցույց տալու, որ իրականում իրավիճակը տարբեր հարցերի շուրջ շարունակում է մնալ իրարամերժ»։
Հարցին՝ ներքաղաքական նկատառումներո՞վ, պատասխանեց. - «Չէի ասի մենակ ներքաղաքական, կարծում եմ՝ նաև կարող է սա պայմանավորված լինել նրանով, որ կողմերը փորձում են նաև խուսափել հնարավոր արտաքին ճնշումներից և փորձում են իրադարձությունները եփել ներսում՝ երկկողմ մակարդակում»։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի պահանջներին, մտածո՞ւմ է արդյոք, որ Երևանը համաձայնում է կատարել Սահմանադրությունը փոխելու Բաքվի նախապայմանը, Տիգրան Աբրահամյանը շեշտեց. - «Սահմանադրության հետ կապված թեման կարծես թե ամենաքիչ խնդրահարույցն է հայաստանյան իշխանության համար, որովհետև այն իշխանությունը, որը Արցախն Ադրբեջան է համարում, բնականաբար, որևէ խնդիր չունի սահմանադրական փոփոխությունների գնալու»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում