«Առանց Վեհափառ հայրապետի օրհնության մենք չենք գործում», - ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ ի պատասխան հարցին, թե Մայր Աթոռը կմիանա շարժմանը Երևանում։
«Մայր Աթոռը միացած է մեզ միշտ։ Հայոց հայրապետը ինքն է մեր հայրը, մեզ օրհնողը, մեզ առաջնորդողը», - հավելեց սրբազանը։
Արքեպիսկոպոսի առաջնորդած երթը մեկնարկել է երեկ՝ մայիսի 4-ին, Կիրանցից։ Այժմ հասել է Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնք։ Երեկոյան Սևան քաղաքում կրակի շուրջ զրույցներ են նախատեսում համախոհների հետ։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարում է՝ գնում է Երևան ու պատասխաններ պահանջի, նաև պահանջ ձևակերպի՝ սահմանազատման գործընթացը թե՛ Տավուշում, թե՛ այլուր պետք է դադարեցվի։ Նրանք նախատեսում են արդեն մայիսի 9-ն հասնել Երևան և այնտեղ շարունակել իրենց ակցիաները:
Քայլերթի մասնակիցների թվում քաղաքական ուժեր են, արվեստի գործիչներ, 44-օրյա պատերազմի զոհերի հարազատներ: Ճանապարհին այսօր նրանց միացան նաև այլ քաղաքացիներ։
Իշխանությունները, սակայն, սահմանազատումը անվտանգային ռիսկերի նվազում են համարում։ Այս շաբաթ անդրադառնալով գործընթացից հետո հնարավոր ռիսկերին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ քանի դեռ Ադրբեջանի հետ սահմանը սահմանազատված չէ, կոնֆլիկտի որոշակի առիթ կարող է դառնալ։
«Այս է պատճառը, որ սկսում ենք առավել մեծ կոնֆլիկտային պոտենցիալ ունեցող տեղերից, որպեսզի իրադրությունը պահենք մաքսիմալ կառավարելի», - շեշտել էր նա։
Տավուշի սահմանազատման թեման ի սկզբանե բորբոքել է Մայր Աթոռ - իշխանություն արդեն իսկ եղած հակասությունները։ Եկեղեցու ու պետության հարաբերությունները լարված են 44-օրյա պատերազմից ի վեր, երբ Ամենայն Հայոց կաթողիկոսը պահանջեց վարչապետի հրաժարականը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիրանցից Երևան՝ մինչև մայիսի 9-ը. ակցիայի մասնակիցները քայլերթով շարժվում են մայրաքաղաք ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քաղհասարկության ներկայացուցիչները Տավուշում սահմանազատումը խնդրահարույց են համարում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիրանցում առաջիկա օրերին կսկսվի այն հատվածի սահմանազատումը, որը չի վիճարկվում. Նիկոլ Փաշինյան