«Ես այստեղ խտրական վերաբերմունք եմ տեսնում». Հանրային ռադիոյի տնօրենի հաստիքը թափուր է մնում

Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը, արխիվ

Հանրային ռադիոյի տնօրենի հաստիքը թափուր է մնում. պաշտոնական բացատրությամբ՝ այսօր կայացած մրցույթում ղեկավարի թեկնածուներից ոչ մեկը բավարար ձայներ չի հավաքել: Արդեն նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը իր հանդեպ խտրական վերաբերմունքի մասին է բարձրաձայնում:

Տնօրենի ընտրությանը չորս թեկնածու էր մասնակցում. Հանրային հեռարձակողի խորհրդի ու թեկնածուներից մեկի՝ Գարեգին Խումարյանի միջև հակադրությունը մի քանի ամսվա պատմություն ունի։ Ձմռանը Հանրային ռադիոն վարչապետին էր հյուրընկալել. առանց սուր հարցադրումների անցկացված այդ հարցազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության փոփոխության մասին ցլերի, կարմիր հագուստների այլաբանությամբ էր խոսել։ Օրեր անց Խումարյանը հանրային ռադիոյի կայքում խմբագրական հրապարակեց՝ ներողություն խնդրեց ունկնդիրներից ու գրեց՝ «շատ հեշտ է ոչինչ չանել, իսկ հետո ասել, թե ցլերն ուժեղ են։

Կարգավորող մարմինն անմիջապես արձագանքեց այս հրապարակմանը՝ պնդեցին, թե տնօրենը առևրույթ չարաշահել է իր լիազորություններն ու պաշտոնեական դիրքը։ Բանը հասավ անկախ դիտորդներին՝ լրագրողական կազմակերպությունները եզրակացրին՝ հոդվածում էթիկայի նորմերի խախտում չկա ու շեշտեցին՝ խորհրդի ձևակերպումներն իրավիճակին համարժեք չեն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրագրողական էթիկայի նորմերի խախտում չկա. Դիտորդ մարմինը՝ Գարեգին Խումարյանի հոդվածի մասին Գարեգին Խումարյան. «Ես կատարել եմ մասնագիտական պարտքս»

Խումարյանի պաշտոնավարման ժամկետը լրացավ ապրիլին ու թեև օրենքը թույլ էր տալիս նրա պայմանագիրը 2 տարով երկարաձգել՝ խորհուրդը որոշեց նոր ընտրության գնալ, որն ինչպես այսօր պարզվեց, այդպես էլ չկայացավ։ Խումարյանն այժմ հայտարարում է՝ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամները պետք է հրաժարական տան ու ընդգծում՝ խոստանում է նոր մրցույթին չմասնակցել, եթե խորհրդի անդամները հեռանան:

Թե ինչո՞ւ խորհուրդը պետք է հեռանա, Խումարյանը մի քանի պատճառ է առանձնացնում. մատնանշում է՝ անդամների շարքում իշխանության հետ փոխկապակցված մարդիկ կան, օրինակ, ՔՊ-ական նախկին պատգամավոր։ Ընդգծում է՝ իր նկատմամբ ակնհայտորեն կանխակալ վերաբերմունք է դրսևորվել։

Մինչ մրցույթի ամփոփումը խորհրդի նախագահ Արա Շիրինյանն էլ այսօր խոսեց՝ չնայած դիտորդական եզրակացությանը դարձյալ պնդեց՝ Խումարյանը խախտումներ է թույլ տվել իր խմբագրականով:

Խորհրդի մյուս վեց անդամների հետ կապ հաստատել չի հաջողվել։

Հանրային ռադիոյի տնօրենի ընտրությանը մասնակցած մյուս թեկնածուներն էին Բելա Հովհաննիսյանը, Մարիամ Մանուկյանը և Մհեր Մարգարյանը։ Նրանք հանրությանը հայտնի չեն ու առայժմ չեն արձագանքել չկայացված մրցույթին։ Առաջիկայում կհայտարարվի նոր մրցույթ, ժամկետների մասին առայժմ չի նշվել։