Վրաստան տանող միջպետական ճանապարհը Կիրանց-Ոսկեպար հատվածում կեսօրից հետո բացվեց: Մարզպետն էր եկել է բնակիչների հետ հանդիպման, ու դրա ավարտին գյուղացիները որոշեցին ճանապարհը բացել, հիմա քննարկում են իրենց հետագա անելիքները:
Հանդիպումը, չնայած երեկվանից բնակիչները պնդում էին, որ պետք է բաց ու հրապարակային լինի՝ լրագրողների ներկայությամբ, այդուհանդերձ, անցավ փակ ու առանց տեսախցիկների:
Հանդիպմանը մասնակցած բնակիչներից մեկն ասաց, որ, ըստ էության, իրենց որևէ նոր բան չի հայտնել մարզպետը, ամեն ինչ լինելու է այնպես, ինչպես արդեն հայտարարվել է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սահմանազատումը հաջող է անցել և Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել․ ԱԽ քարտուղարՆախօրեին Անվտանգության խորհրդի քարտուղարը հարցազրույց է տվել, ասել է, որ 4 շինություն է անցնում այն կողմ՝ մեկ տուն, մեկ կացարան, ավտոտնակ և խանութ:
«Եթե մարդիկ ունեն իրենց սեփական վկայականը, ու ասում ա՝ կեղծիք ա, դու էդ կեղծիքի վրա ո՞նց ես մարդկանց փոխհատուցում տալիս», - տարակուսում էին Կիրանցի բնակիչները:
Բացի տներից, նաև կամրջի հարցը կա այստեղ, ընդհանրապես Վրաստան գնացող միջպետական ճանապարհի մի հատվածն անցնում է ադրբեջանական կողմին: Պաշտոնյաները խոստանում են, որ շրջանցիկ ճանապարհ է կառուցվելու երկու ամսվա ընթացքում:
Բնակիչները նաև վարելահողերի խնդրի մասին են խոսում: Տասնյակ հեկտարների տարածք կա, որ, ասում են, թեև չի անցնելու ուղիղ, անմիջապես ադրբեջանական վերահսկողության տակ, բայց ադրբեջանցի սահմանապահների թիկունքում է լինելու: Թե ինչպես են դրանք մշակելու, հասանելի՞ են լինելու այդ տարածքները գյուղացիներին, դեռ հստակություն չկա:
Բնակիչները վաղ առավոտից վրդովված են, որ հանդիպումը, չնայած իրենց պահանջներին, անցավ փակ դռների հետևում.
«Չեն թողնում որևէ լրագրող մտնի, որպեսզի լուսաբանի դա...»:
«Պարոն մարզպետը որ եկել ա, որ ինչ-որ պտի առանձնազրույց ունենա առանց լրատվական միջոցների, ու ինչի՞ համար՝ ասում ա, որ սա պտի երկիրը չտենա, սա մեր անվտանգության համար ա՝ մեր երկրի: Առաջին հերթին ես չեմ հասկանում՝ ի՞նչ անվտանգության մասին ա խոսքը...»:
Կիրանցեցի մի կին էլ հայտարարեց. - «Էս հանդիպումը ընդհանրապես ինձ հետաքրքիր չէր: Էս հանդիպմանը ես մենակ իրանց ասել եմ, որ ես իմ տանից դուրս չեմ գալու, էրկու րեխա ունեմ՝ իմ րեխանցը չեմ թողիլ իմ տուն գան, ես իմ տանը նստիլ տեմ՝ սահմանապահ զորքի հետ ծառայիլ տեմ՝ էդքան մի բան...»:
Ավելի ուշ «Ազատություն»-ը եղավ նաև Ոսկեպարի հատվածում: Այնտեղ սահմանազատման այս ամբողջ ընթացքում Ոսկեպար-Բաղանիս ճանապարհը փակ է: «Ազատությանը» հաջողվեց հնարավոր ամենամոտ վայրից նկարահանել Ոսկեպարի եկեղեցին, որի հարևանությամբ սահմանային սյուն է տեղադրված:
Երեկ վարչապետը Կառավարության նիստի ընթացքում հայտարարեց, որ եկեղեցու և սահմանագծի արանքում բավականին մեծ տարածություն կա, բայց սյունը եկեղեցուց մի քանի տասնյակ մետր է հեռու: Այդ ամբողջ սահմանագիծն այժմ փշալարերով է պատված:
«Ազատության» հրապարակած կադրերի վերաբերյալ Կառավարությունից պարզաբանում են՝ դրանցում երևացող սյունը «ուղղորդող է, որի վրա նշված է, որ սահմանն անցնում է այդ սյան ուղղահայաց ուղղությամբ` գետի հունով», այդ «սյունը և փշալարը բուն սահմանագիծը չեն»։ Ըստ Կառավարության՝ «ընդհանուր առմամբ սահմանագծից եկեղեցին հեռու է ավելի քան 100 մետր»։
Գյուղացիները երեկվանից փակել էին Կիրանցից Ոսկեպար տանող ճանապարհը։ Նրանք վրդովված են Երևանի ու Բաքվի համաձայնությունից։
Գյուղացիները երեկ պահանջում էին, որ այնտեղ գնան իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներ և սահմանազատման պատասխանատուներ, որոնք, ըստ նրանց, դեռ ամիսներ առաջ հավաստիացրել են, որ սահմանազատման գործընթացը տեղի կունենա հօգուտ գյուղացիների, հօգուտ կիրանցեցիների, բայց երեկվա ստորագրված արձանագրությունն իրենց համար հուսադրող չէ։ Նշում են, որ այն 3 զգայուն կետերում, որի մասին անցած շաբաթ խոսում էր վարչապետը, սյուները տեղադրվել են ոչ հոգուտ գյուղացիների։
Կիրանցում երեկ մերժեցին մարզկենտրոն Իջևանում փոքր թվով գյուղացիների հետ հանդիպելու կառավարության առաջարկը։ Հրաժարվեցին նաև Տավուշի մարզպետի գյուղի դահլիճում փակ քննարկումների առաջարկից։ Ասացին՝ թող պաշտոնյաները գան Կիրանց ու լրատվամիջոցների ներկայությամբ ասեն իրենց ասելիքը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Փափուկ բարձ են դնում մարդկանց գլխի տակ, իբր Կիրանցի հարցը լուծված է». բնակիչները դժգոհ ենՀայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները ապրիլի 15-ին ստորագրեցին ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի 1976թ. քարտեզով Բաղանիս– Բաղանիս Այրում, Ոսկեպար– Աշաղը Ասկիպարա, Կիրանց– Խեյրումլի և Բերքաբեր– Կըզըլ Հաջիլի բնակավայրերի միջև սահմանագծի համաձայնեցման մասին արձանագրությունը։ Երևանի ու Բաքվի ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ այս հատվածներն այլևս համարվում են սահմանազատված։
Ադրբեջանին, ըստ այդ արձանագրության, կանցնի Կիրանցի կամուրջը, 2-3 ամսում պետք է նոր ճանապարհ կառուցվի։ Կառավարությունն ընդունում է, որ գյուղացիները նաև գույք կկորցնեն, հստակ թիվ, սակայն, չեն նշում՝ խոստանալով փոխհատուցում։
Տավուշի ու Ղազախի սահմանագծի 4 գյուղերի հատվածում սահմանազատումը վարչապետ Փաշինյանն երեկ կառավարության նիստին «մեծ հաջողություն» որակեց, ասաց՝ Հայաստանի ինքնիշխանության ու անկախության հետագա զարգացման շատ կարևոր անկյունաքար է դրվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վարչապետը սահմանազատումը մեծ հաջողություն որակեցԿիրանցում ճանապարհի տեղափոխման խնդիր առաջանալու է. վարչապետի աշխատակազմից հաստատում են Հայաստանն ու Ադրբեջանը 1976թ. քարտեզի համաձայն համաձայնեցրել են սահմանագծի հատվածների արձանագրությունը