Տավուշի ու Ղազախի սահմանագծի 4 գյուղերի հատվածում սահմանազատումը վարչապետ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում «մեծ հաջողություն» որակեց։ Կարծում է՝ Հայաստանի ինքնիշխանության ու անկախության հետագա զարգացման շատ կարևոր անկյունաքար է դրվել։
«Մեր հանրապետությունն անկախությունից ի վեր առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման, որը այս փաստով էականորեն մեծացնելու է անվտանգության և կայունության մակարդակը ոչ միայն նշված գյուղերի հատվածում, այլև ընդհանրապես ամբողջ Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով», - ասաց նա։
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները երեկ ստորագրեցին ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի 1976թ. քարտեզով Բաղանիս– Բաղանիս Այրում, Ոսկեպար– Աշաղը Ասկիպարա, Կիրանց– Խեյրումլի և Բերքաբեր– Կըզըլ Հաջիլի բնակավայրերի միջև սահմանագծի համաձայնեցման մասին արձանագրությունը։ Իշխանության պնդմամբ՝ սա ԽՍՀՄ վերստուգված ամենավերջին քարտեզներն են: Երևանի ու Բաքվի ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ այս հատվածներն այլևս համարվում են սահմանազատված։
«Սահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է, սա նույնպես չափազանց կարևոր սկզբունք է, ինչո՞ւ, որովհետև եթե մենք գնայինք այն տրամաբանությամբ, որ այդ սկզբունքից շեղվելով՝ մենք պետք է նոր սահմանագիծ ստեղծենք, դա կնշանակեր՝ ստեղծում ենք էսկալացիայի և ռազմական բախումների ուղղակի հարատև աղբյուր», - ասաց վարչապետը։
«Սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է» բանաձևը, ըստ վարչապետի, պետք է գործի սահմանազատման հետագա ողջ գործընթացի համար։ Բայց այսօր Փաշինյանն էլի երաշխիք չէր տալիս, թե էսկալացիան իսպառ կբացառվի։ Ասում էր՝ էականորեն նվազեցրել են վտանգը։
Գործնականում հայ-ադրբեջանական վերջին պայմանավորվածություններն ի՞նչ են նշանակում
Վարչապետը խոսեց Բաղանիս - Ոսկեպար ճանապարհից, որտեղով անցնում է դեպի Վրաստան միջպետական ճանապարհը, ասաց՝ սահմանազատման արդյունքում այն ՀՀ տարածքում է, երթևեկության համար անվտանգ։ Չնայած սահմանային սյունը սուրբ Աստվածածին եկեղեցուց մի քանի տասնյակ մետրի վրա է տեղակայվել, վարչապետ Փաշինյանը Ոսկեպարում այդ լուծումից ևս ակնհայտորեն դժգոհ չէր։
«Եթե չեմ սխալվում, համենայն դեպս ինձ ասել են, որ բավականին մեծ տարածություն կա եկեղեցու և սահմանային գծի հատվածում», - նշեց նա։
Նույն մանրամասնությամբ չանդրադարձավ Կիրանցին, որտեղ լուծումները գյուղացիների համար անընդունելի են։ Հայտնի է, որ Ադրբեջանին կանցնի գյուղի կամուրջը, 2-3 ամսում պետք է նոր ճանապարհ կառուցվի։ Կառավարությունն ընդունում է, որ գյուղացիները նաև գույք կկորցնեն, հստակ թիվ, սակայն, չեն նշում՝ խոստանալով փոխհատուցում։
«Որոշակի խնդիրներ կարող են ծագել, կառավարությունը բոլոր այդ խնդիրները հետևողականորեն կլուծի», - վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը։
Ու չնայած արձանագրությունը ստորագրվել է, Կիրանցի երեք ամենազգայուն կետերում սյուներ դեռ չեն տեղադրվել։ Իսկ դպրոցին, որը, ըստ գյուղացիների, Ադրբեջանից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա կհայտնվի, ոչ կառավարության ղեկավարն այսօր, ոչ նրա աշխատակազմը երեկ չէին անդրադարձել։
Կիրանցը կարող է կանգնել խնդիրների առաջ. քաղաքագետ
Քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը, ի տարբերություն իշխանության, երեկվա պայմանավորվածությունները մեծ ձեռքբերում չի համարում, բայց կարծում է՝ կարևոր քայլ է, եթե գործընթացը շարունակվի նույն տրամաբանությամբ։ Այլևս սահմանազատված այդ հատվածների համար 1976 թվի քարտեզը շահավետ է համարում։ Հիմնական խնդիրը, որտեղ կարելի էր այլ լուծում գտնել, ըստ նրա, Կիրանցի կամրջի դեպքում է։
«Օրինակ՝ Ուկրաինայի և Բելառուսի սահմանազատման գործընթացի մեջ դեռ 90-ականներին եկել են համաձայնության, որ եթե ճանապարհը հատում է սահմանը ինչ-որ փոքր հատվածներում, ճանապարհը պետք է անցնի այն երկրին, որը այդ ճանապարհն օգտագործում էր, ու սա բնական բավականին սկզբունք է։ Ցավոք սրտի, մեր պարագայում այս սկզբունքը մինչև վերջ չիրականացվեց, թեև մենք տեսանք, որ Ոսկեպարից արևելք այն խոշոր հատվածը, որով անցնում է արդեն այլընտրանք չունեցող ճանապարհը, մայրուղին, մնաց հայկական վերահսկողության տակ, թեև դեռ վերջնական չէ այս լուծումը», - նշեց քաղաքագետը։
Նոր ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում, ըստ քաղաքագետի, Կիրանցը կարող է կանգնել խնդիրների առաջ՝ մարդիկ ինչպե՞ս են ապրելու սահմանամերձ տներում, ինչպե՞ս են հող մշակելու, գումարած հոգեբանական պրոբլեմները։
«Բաղանիսն այս սահմանից բավականին հեռու է, Ոսկեպարը այս լուծումը, որը գտնվեց, նույնպես առայժմ բնակարանների խնդիր չկա, նաև կոմունիկացիայի խնդիր չկա։ Կիրանցը զրկվում է առաջինը այն հիմնական ճանապարհից, որով բնակիչները գյուղ են մուտք գործում, երկրորդը՝ տներն անմիջապես սահմանին հարևանությամբ են գտնվում՝ գյուղի հարավարևմտյան հատվածի, 92 թվականից Կիրանցը չի ունեցել հարևանություն Խեյրումլի գյուղի հետ։ Նախկին փորձն էլ բավականին դրամատիկ էր՝ ընդհարումներ էին, մարդիկ էին առևանգում։ Կիրանցի հատվածում ընդհանրապես օպտիմալ միակ լուծումը կլիներ, եթե Ադրբեջանը հրաժարվեր Խեյրումլի գյուղից, բայց Ադրբեջանը պահանջեց իր բոլոր գյուղերը», - ասաց Սամվել Մելիքսեթյանը։
Անցած ամիսներին, մինչ չափումներ էին տարածքում, ընդդիմախոսները պնդում էին՝ հայկական կողմը ռազամավարական կարևոր դիրքեր է կորցնում։ Քաղաքագետը կարծում է՝ հակառակը՝ այսօրվա պայմանավորվածություններով Ադրբեջանը ռազմավարական տեսանկյունից ձեռքբերումներ չունի, կամ դրանք աննշան են. - «Այս հատվածում ադրբեջանական դիրքերը ի շնորհիվ Օդունդախ բարձունքի և այլ գործոնների ավելի բարձրադիր էին, երկրորդը՝ հայկական կողմը դեռ տեղ 2020 թվականի պատերազմի ժամանակ Ոսկեպար-Բաղանիս մայրուղուն զուգահեռ կառուցել էր պաշտպանական կառույցներ, և դրանք հիմա գերիշխում են։ Պարզ է, որ հիմա սահմանապահներ են լինելու, բայց եթե ենթադրում ենք ինչ-որ ռազմական զարգացում, պարզ է, որ դիրքեր են դառնալու։
Այդտեղ, իհարկե, հայկական դիրքերը գերիշխող են, և իմ կարծիքով՝ ադրբեջանական ուժերը ստիպված են լինելու նահանջել իրենց հին բարձրադիր դիրքերը, եթե լինի նման զարգացում»։
Ըստ կառավարության՝ սահմանազատված հատվածներում 8-9 օր անց արդեն սահմանապահները կփոխարինեն բանակին, առայժմ բացառությամբ Կիրանցի զգայուն կետերի։ Վարչապետն այսօր ասում էր՝ մեկ շաբաթ -տասն օր առաջ, երբ երեկվա արձանագրությունը դեռ չէր ստորագրել, Հայաստանի սահմանապահ զորքը Բաղանիս-Ոսկեպար հատվածում արդեն իսկ սկսել է ծառայությունը։