Եկեղեցին չլիներ, Արսեն Թորոսյանը հունարենով կամ ասորերենով էր ստատուս գրելու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներից Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառմանն այսպես է արձագանքում Մայր Աթոռի մատենադարանի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանը։
Իշխանության ներկայացուցիչը գրել էր՝ «ծանր բաժին է հասել մեր ժողովրդին. պետք է 1700-ամյա առասպել վերջնական ու հիմնահատակ կոտրի, թեև մասամբ դա իրականացրել է պետականություն հիմնելով»։ Ըստ Թորոսյանի՝ եկեղեցու իրական նպատակն իր ներքին ու արտաքին խմբակային շահի համար Հայաստանի պետականությունը զոհաբերելն է։
«Ժողովուրդը պետք է վերջնական գնահատական տա այդ կառույցին ու նրա պետականակործան նպատակներին», - գրել է իշխանական պատգամավորը։
Տեր Արարատ քահանան հիշում է դեպքեր, երբ Մայր Աթոռի հոգևորականներն են թիրախավորվել, բայց եկեղեցին որպես ինստիտուտ թիրախավորել՝ ոչ, չի հիշում։
Ըստ ազգագրագետ Հրանուշ Խառատյանի՝ Հայոց եկեղեցին միշտ սեփական դերը փորձել է մեծացնել, մրցակցել է պետության հետ, փորձել է ազդել, երբեմն գերազանցել, տեղ-տեղ փոխարինել է պետությանը՝ ուզած-չուզած։ Բայց, պետականության կործանման նպատակ, ըստ ազգագրագետի, չի եղել։
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.