Տևական ու կատաղի մարտերից հետո Ուկրաինան դուրս է բերում իր ստորաբաժանումները Ուգլեդարից

Ամիսներ տևած կատաղի մարտերից հետո՝ երեկ, Ուկրաինան հաստատեց, որ դուրս է բերում իր ստորաբաժանումները Ուգլեդար քաղաքից, որը ռազմավարական նշանակություն ունի Ուկրաինայի պաշտպանական գծերի համար։

Բարձրադիր քաղաքը գտնվում է արևելյան ու արևմտյան ճակատների խաչմերուկում, և այն վերահսկողության տակ առնելով, ըստ ռազմական փորձագետների, Ռուսաստանը կարող է առավել հեշտորեն առաջ շարժվել Ուկրաինայի տարածքում։

Պուտինը ավելի վաղ չէր թաքցրել, որ Կրեմլի նպատակն է վերահսկողության տակ առնել Դոնեցկի ու Լուգանսկի շրջաններն ամբողջությամբ։

«Մենք ստիպված ենք դուրս բերում մեր զորքը՝ շրջափակումից փրկելու համար,- երեկ հայտարարել է Ուկրաինայի Արևելյան հրամանատարության խոսնակ Նազար Վոլոշինը, - Տևական մարտերից ու բազմաթիվ կորուստներից հետո թշնամին ետ չկանգնեց Ուգլեդարը գրավելու ծրագրերից։ Թշնամու գործողությունների արդյունքում պաշարման վտանգ ի հայտ եկավ, և բարձր հրամանատարությունը թույլ տվեց մանևրել և դուրս բերել ուժերը Ուգլեդարից՝ զինվորների կյանքն ու զինտեխնիկան խնայելու, հետագա գործողությունների համար դիրքեր գրավելու նպատակով»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսները մտան Ուգլեդար․ ի՞նչ է դա նշանակում Ուկրաինայի պաշարված զինվորների համար

Չնայած անկախ աղբյուրները դեռ երկու օր առաջ էին հաղորդում, որ ռուսները մտել են Ուգլեդար, Կիևը պաշտոնապես դա չէր հաստատում։ Նույնիսկ երեկ առավոտյան Ուկրաինայի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ քաղաքի անկման մասին որևէ բառ չկար։

«Ազատության» ուկրաինական ծառայությունը, սակայն, հաղորդում է, որ տեղում իրավիճակը սրվել է դեռ սեպտեմբերից։ Ուգլեդարից դուրս եկած զինվորները «Ազատությանն» ու BBC-ին պատմել են, որ նահանջը եղել է անկազմակերպ, ետևում են մնացել բազմաթիվ զոհեր ու վիրավորներ։

«Հրաման չկար, ստիպված էինք ինքնուրույն կողմնորոշվել,-պատմել է վերջին երկու տարիներին Ուգլեդարը պաշտպանող 72-րդ բրիգադի սպա Արսենիի Պրիլեպկան, - Իրավիճակը ժամ առ ժամ սրվում էր, օրը սկսում էր ռմբակոծությամբ, ավարտվում ռմբակոծությամբ՝ տարբեր տրամաչափի հրազգային ու զինատեսակների ու հրետանու կիրառմամբ»։

Սեպտեմբերի վերջին արդեն ռուսներին հաջողվել էր ընդհուպ մոտենալ Ուգլեդարի թիկունքին՝ Բոգոյավլենկա գյուղին կապող միակ ճանապարհին։ Ըստ ականատեսների՝ քաղաքում եղած զինվորները գրեթե շրջափակման մեջ էին, նրանց փրկության միակ ճանապարհը՝ շարունակական հրետակոծության տակ։

«Իհարկե, թշնամին չէր սպասելու, մինչև մենք նահանջի օպտիմալ ուղիներ գտնենք, նա անընդհատ հարվածներ էր հասցնում, վերահսկում, դժվարացնում անցումը»,- ասում է սպան։

Ուգլեդարը երկար ժամանակ՝ Ուկրաինայի ամենաամուր պաշտպանական հենակետերից

Ուգլեդարը տևական ժամանակ համարվում էր Ուկրաինայի ամենաամուր պաշտպանական հենակետերից մեկը․ նախկինում ռուսները այն գրավելու մի քանի փորձ էին արել՝ կորցնելով մեծաթիվ զինվորներ ու զինտեխնիկա։ Չնայած դրան՝ հարձակումներն այդ ուղղությամբ չէին դադարում։ Իրավիճակը չփոխվեց անգամ, երբ ուկրաինական ուժերն անցած ամիս ներխուժեցին Ռուսաստանի տարածք՝տասնյակ բնակավայրեր գրավելով Կուրսկում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դոնբասում և Կուրսկի մարզում թեժ մարտերը շարունակվում են, Կիև է ժամանել ԵՀ նախագահը

Հակառակը, ինչպես Reuters-ի ուսումնասիրությունն է փաստում, սեպտեմբերից՝ ուկրաինական ներխուժումից ի վեր, ռուսները Ուկրաինայի արևելքում սկսել են ավելի արագ առաջ գնալ, քան նախկինում: Սեպտեմբերի կեսերին, մասնավորապես, ռուսների վերահսկողության տակ անցավ Ուկարինսկ քաղաքը, հետո սկսվեց Ուգլեդարի շրջափակումը, որը ոչ միայն ընկած է ռազմավարական նշանակություն ունեցող Պոկրովսկի ճանապարհին, այլև գտնվում է Ղրիմը Դոնբասին կապող երկաթգծից քիչ հեռու։

Հակառակորդը գերազանցում է զինվորների ու տեխնիկայի քանակով, և Ուկրաինան հավելյալ աջակցության կարիք ունի. ռազմական վերլուծաբան

«Սա ցույց է տալիս, որ հակառակորդը գերազանցում է զինվորների ու տեխնիկայի քանակով, և Ուկրաինան հավելյալ աջակցության կարիք ունի»,- «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությանն ասել է իսրայելցի ռազմական վերլուծաբան Դեյվիդ Հենդելմանը։

«Սկզբունքորեն, ցանկացած նահանջ վատթարացնում է իրավիճակը։ Ավելի կոնկրետ, եթե նայեք քարտեզին, ի տարբերություն Պոկրովսկի, որը ինքնին կարևոր նշանակություն ունի, Ուգլեդարը կարևոր էր՝ ռուսների դիրքերը թիրախավորելու տեսանկյունից։ Տևական ժամանակ այն ռուսական կոկորդում խրված փուշ էր։ Եթե ռուսները հանում են այդ փուշը, դա թեթեևացնում է նրանց իրավիճակը ճակատի այդ գծում», - հավելել է նա։

ՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղարը Կիևում հայտարարեց՝ դաշինքն Ուկրաինայի կողքին է

ՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղարը Մարկ Ռյուտեն և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, Կիև, 3-ը հոկտեմբերի, 2024թ.

Ուկրաինայի դեմ ավելի քան երկու տարի շարունակվող պատերազմի արդյունքում Ռուսաստանն օկուպացրել է այդ երկրի մոտ մեկ հինգերորդը։ Չդադարող առաջխաղացման ֆոնին այսօր Կիև է ժամանել ՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղարը։ Սա Մարկ Ռյուտեի առաջին արտասահմանյան այցն է պաշտոնը ստանձնելուց հետո։

«Ինձ համար կարևոր էր հստակ ընգծել Ուկրաինայի ժողովրդի և բոլոր նրանց համար, որ հետևում են իրավիճակին՝ ՆԱՏՕ-ն կանգնած է Ուկրաինայի կողքին», - հայտարարեց նա։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցություններից հետո ասել է, թե ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել են «հաղթանակի պլանի որոշ դետալներ» առանց հավելյալ մանրամասների։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին իր հերթին տեղեկացրել է, որ գտնվում է Պոկրովսկի ուղղությամբ՝ ամենաթեժ կետերից մեկում և հրահանգել է «ամրապնդել պաշտպանությունը Դոնեցկի արևելքում։