Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը ձերբակալվել, ապա ազատ է արձակվել

Տեղ գյուղի համայնքապետ Դավիթ Ղուլունց, արխիվ

Սյունիքի մարզի Տեղ գյուղի համայնքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության անդամ Դավիթ Ղուլունցն այսօր ձերբակալվել է: Ոստիկանությունից «Ազատության» հետ զրույցում հաստատեցին այդ տեղեկությունը:

Ոստիկանությունից փոխանցեցին, որ Ղուլունցը ձերբակալվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար՝ «Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը», այլ մանրամասներ չհայտնեցին:

Ավելի ուշ Տեղի համայնքապետն ազատ է արձակվել:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի հիշյալ հոդվածով նախատեսված արարքի համար սահմանված է տուգանք` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: