Սկզբում «խոսել են, հետո հարվածն էր», հետո քաշքշուկ, բաժանվել են հայհոյանքներով. Տեղ համայնքի ավագանու («Ապրելու երկիր») ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանն «Ազատության» հետ զրույցում այսպես ներկայացրեց այն, ինչ տեղի է ունեցել երկու օր առաջ կեսօրին Գորիսի բանկերից մեկի մոտ։
Հարվածողը, Զեյնալյանի պատմելով, Սասուն Ղուլունցն էր՝ Տեղի համայնքապետի եղբայրը։ Զեյնալյանն ասում է՝ «ճիշտը ասելու հետևանքն» էր։
Քննչական կոմիտեից տեղեկացրին՝ այս դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել խուլիգանության հոդվածով, Մասիս Զեյնալյանը տուժող է, այսօր հարցաքննվել է, մեղադրյալ դեռ չկա։
Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը դեպքը հերքում է մասամբ. - «Ի՞նչ բռնություն, ի՞նչ բան։ Գիտեմ, որ լեզվակռիվ է եղել», - ասաց նա։
Ավագանու ընդդիմադիրն առաջին անգամը չէ, որ բռնության է ենթարկվում, անցած տարի էլ նրա երկու ատամն են կոտրել, շրթունքը վնասել Տեղի մշակույթի տանը։ Զեյնալյանն այս ամենը կապում է իր գործունեության հետ՝ համայնքային խնդիրների մասին ահազանգում է, թեպետ, իր խոսքով, համայնքապետի մտերիմներից և հենց եղբորից զգուշացումներ է ստացել։
Դավիթ Ղուլունցը բացառում է՝ պետության մասնակցությամբ բոլոր ծրագրերն իրականացնում են անթերի։
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.