Թբիլիսիում կրկին բողոքի ցույց է

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, ընթանում է «Վերադարձրե՛ք ձայնը» բողոքի ակցիան։

Հանրահավաքի մասին միաժամանակ հայտարարեցին խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը հետևած կազմակերպությունները, ընդդիմադիր կուսակցությունները, ինչպես նաև ուսանողական շարժումները։

Մինչ ակցիայի մեկնարկը մի շարք բուհերի անունից ընթերցվեց մանիֆեստ, որտեղ ընդգծվում էր, որ ուսանողները պայքարելու են իրենց ձայնի համար՝ համարելով, որ ընտրությունները գողացված են։

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ հաստատել է ընդդիմության և նախագահի կողմից չճանաչված խորհրդարանական ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը։ Հայտարարված թվերը հաստատել են նախնական արդյունքները, որոնց համաձայն՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մնում է իշխանության ղեկին չորրորդ ժամկետն անընդմեջ։

Պատգամավորական մանդատ ստացած չորս ընդդիմադիր ուժերից ոչ մեկը համաձայն չէ հայտարարված արդյունքների հետ։ Ընդդիմությունը պահանջում է հոկտեմբերի 26-ի ընտրությունների նոր քվեարկություն և խախտումների միջազգային հետաքննություն՝ անվստահություն հայտնելով քննչական մարմիններին և դատական համակարգին։