6 տարվա քննություն ու զրո արդյունք՝ աղմուկ հանած Մոնումենտի առանձնատների քրգործով

Մոնումնետի առանձնատներից մեկը, որ պատկանում էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին

6 տարվա քննություն ու զրո արդյունք՝ Փաշինյանի իշխանության առաջին տարում մեծ աղմուկ հանած Մոնումենտի առանձնատների քրեական գործը դեռ իրավապահների դարակներում է։

«Արդյունք չունենք, որովհետև որոշ դեպքերում կա քաղաքական պայմանավորվածություն առանձնատների սեփականատերերի հետ։ Դա իմ կարծիքն է, որովհետև այդ քրեական գործի պայմաններում հնարավոր է դարձել մեկից ավելի գույքեր վաճառել, և դա առանց քաղաքական պայմանավորվածության չէր կարող իրականացվել», - ասում է լրագրող Տիրայր Մուրադյանը։

Մոնումենտի առանձնատների օրինականության հարցը իրավապահները սկսեցին քննել 2018-ին։ Տիրայր Մուրադյանն էր հետաքննություն արել ու պարզել, թե ինչպես են նախկին իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները 2000-ականների Երևանի կանաչ գոտին քանդել ու առանձնատներ կառուցել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հովիկ Աբրահամյանի դղյակի շուրջ կատարվողը հեղափոխությունից հետո իրավապահ ոլորտը չբարեփոխելու հետևանքներից մեկն է միայն. Սաքունց

Ընտրյալների թաղամասում առանձնատներ էին կառուցել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանն ու տասնյակ այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ ու գեներալներ։

Դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Վահագն Պողոսյանն այս ընդհանրական պատասխանն է տալիս՝ ըստ էության, ընդունելով, որ եթե լինեն բավարար ապացույցներ, կլինեն նաև մեղադրյալներ. - «Բոլոր գործերի հետ կապված որ գործը, որ ապացույցների բավարար համակցությունը կա, այդ գործը, վստահ եղեք, որ իր վախճանն ունենալու է»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչո՞ւ Մոնումենտի դղյակների գործով դեռևս որևէ մեկը մեղավոր չի ճանաչվել. արդեն 2-րդ առանձնատան արգելանքն է հանվում

Ինչո՞ւ վեց տարի անց իրավապահները չեն հավաքել անհրաժեշտ ապացույցներ այն մարդկանց մասին, որոնք մայրաքաղաքի երբեմնի կանաչ գոտին վերածել են նոր թաղամասի, այն էլ կասկածելի գումարներով. սեփականատերերից ոմանք անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով։ Հետաքննող լրագրողն իր պատասխանն ունի։

«Ես այդքան էլ հակված չեմ, որ հնարավոր չէր բացահայտել, սա բարդ էր, շատ վաղուց էր տեղի ունեցել, որովհետև մենք գրել էինք այս գույքերի բոլոր սեփականատերերի մասին ձեռքբերման բոլոր պատմությունները։ Պետք էր, իմ կարծիքով, պատշաճ որակով քննություն իրականացվեր, և բացահայտվեր, և վերջակետ դրվեր այս առանձնատների պատմությանը», - ընդգծեց լրագրողը։

Նա չի կարծում, որ իրավապահները բավարար ռեսուրսներ չունեին քննությունը հասցնելու խոստացված ավարտին։ Ասում է՝ պարզապես վարչապետ Փաշինյանը չկարողացավ կատարել իր իսկ խոստումը։

«Ոչ մի մուկ, և ոչ մի ձուկ չի պլստալու։ Հայաստանում գողերի ժամանակն անցել է՝ Ամերիկա-ներից լինի, Ռուսաստան-ներից լինի, Ավստրալիա-ներից լինի, գտնելու ենք, բերելու ենք իրենց և իրենց գողացած ամեն լուման», - խոստացել էր Նիկոլ Փաշինյանը։

«Ավելի շատ հակված եմ նրան, որ կա քաղաքական կամքի բացակայութուն, և նաև կան, իմ կարծիքով, ստվերային պայմանավորվածություններ, հակված եմ, որ այստեղ գտնվող քաղաքական, տնտեսական ազդեցիկ անձնավորությունների հետ ինչ-ինչ կապեր կան, ու այս կապերին օգտագործում են նաև սեփական իշխանության դիրքերն ամրապնդելու համար, ընտրությունների ժամանակ աջակցություն ստանալու համար», - ասաց Տիրայր Մուրադյանը։

Իրավապահների դարակներում է նաև Մոնումենտի առանձնատների վարույթի շրջանակում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատան՝ արգելանքից հանելու ու երկու շաբաթում իշխանության մոտ կանգնած գործարարին վաճառելու գործը, դարձյալ՝ առանց մեղադրյալի։