Սպիտակ տունը չեղարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հրավերը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հեղինակավոր ընդունելությանը՝ ի նշան երկու երկրների հարաբերությունների վատթարացման, հայտարարել է Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատունը։
Կառույցից «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը փոխանցել են, որ Կոբախիձեի պատվիրակության հետ բոլոր հանդիպումները ևս չեղարկվել են։
«Բայդենի վարչակազմը չեղարկել է վարչապետ Կոբախիձեի հրավերը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամենամյա ընդունելությանը և հրաժարվել է հանդիպել վրացական պատվիրակության հետ՝ Վրաստանի կառավարության հակաժողովրդական գործողությունների, ապատեղեկատվության և ԱՄՆ-ի և Արևմուտքի վերաբերյալ բացասական հռետորաբանության վերաբերյալ աճող մտահոգությունների պատճառով», - ասվում է դեսպանատան հայտարարության մեջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանի վարչապետի անունը հանվել է Բայդենի ընդունելության ցուցակից. «Ամերիկայի ձայն»- Մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, ինչը խիստ քննադատության են ենթարկել իրավապաշտպանները, ՀԿ-ները, անկախ ԶԼՄ-ները և երկրի արևմտյան գործընկերները՝ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը:
- Բրյուսելը հայտարարել է, որ որոշել է սառեցնել ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը, Հայտարարություններ են հնչել նաև վիզաների ազատականացման ռեժիմի վերանայման հնարավորության մասին։
- Մինչ այդ էլ ԱՄՆ-ն չեղարկել էր վրաց-ամերիկյան ամենամյա զորավարժությունները՝ հայտարարելով, թե որոշումը պայմանավորված է «Միացյալ Նահանգների և արևմտյան այլ կառույցների հասցեին կեղծ մեղադրանքներով»։
- Միացյալ Նահանգները նաև սահմանափակումներ է մտցրել Վրաստանի մի շարք պետական պաշտոնյաների նկատմամբ՝ ժողովրդավարությունը և մարդու իրավունքները ոտնահարելու համար։