Քննչական կոմիտեից չեն մեկնաբանում՝ խորհրդարանում երեկվա սկանդալից հետո կառույցի ղեկավար Արգիշտի Քյարամյանը պատրաստվո՞ւմ է հրաժարական ներկայացնել:
Քյարամյանի և իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանի վեճից ու մեղադրանքներից մեկ օր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ հրապարակային հայտարարությամբ չի արձագանքել:
Քննչականի ղեկավարը, որ երեկ իրավապահ մյուս կառույցների ղեկավարների հետ խորհրդարանում էր՝ ներկայացնելու Հայաստանում հանցավորության իրավիճակը, չզսպեց իրեն, երբ Աղազարյանը նրան հորդորեց պատգամավորների հետ հարգալից շփվել:
«Էս երկրի երեսին էդպիսի մեկը չկա, ով որ կկարողանա իմ ասածների վերաբերյալ ռեպիկ բաց թողել, և եթե եղել է էդպիսին, ուրեմն ես հլը շատ մեղմ արձագանք եմ ցուցաբերել, արձագանքը հետագայում կզգացվի», - հայտարարեց Քյարամյանը:
«Ա՜, չեղավ, չեղավ», - արձագանքեց լսումները վարող ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Փոխադարձ վիրավորանքներով այս վիճաբանությունից առաջ Արգիշտի Քյարամյանը, ըստ ներկաների, դահլիճից իրեն ուղղված ռեպլիկ էր լսել, թե «ամբիոնից կուռաժիտ է լինում», և վրդովվել. - «Բան ասեցի՞ք դուք, այ սև շորերով պատգամավորը, ձեր մասին է խոսքը, կողքերը մի նայեք»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ոտքից գլուխ արան ես». «տղայական» լեզվակռիվ Արգիշտի Քյարամյանի և Հովիկ Աղազարյանի միջև ԱԺ-ում«Տպավորություն ա, որ դուք ձեզ հաշիվ չեք տալիս, թե որտեղ եք գտնվում», - սա ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի արձագանքն է, երբ տարիներ առաջ խորհրդարանում այն ժամանակվա գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն էր ցուցամատը պարզած խոսում օրենսդիրների հետ, - «Էկել ա մատը սենց ա անում, սենց ա անում, սենց ա անում... Էդ որ Սերժ Սարգսյանի մոտ զեկուցելիս եք ըլնում, տենց եք զեկուցո՞ւմ»:
Երեկվա միջադեպից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ևս չի դատապարտել տեղի ունեցածը: Միայն պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր հակիրճ նշեց, թե Քյարամյանի պահվածքն անընդունելի է, և դրան խմբակցությունում անդրադարձ կլինի:
Արդյո՞ք ՔՊ խմբակցությունը, որ վերջերս ստորագրահավաքով հասավ արդարադատության նախարարի հեռացմանը, մի ստորագրահավաք էլ կնախաձեռնի Քյարամյանի պաշտոնանկության հարցով: «Ես չգիտեմ՝ որևէ մեկը նախաձեռնել է էդպիսի բա՞ն, թե՞ չէ: Բայց դրա կարիքը գուցեև չկա էլ, ամեն ինչ կարող ա և... կոնֆլիկտի կողմերը իրենք գիտակցեն, որ սխալ բան ա եղել», - լրագրողների հետ զրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը:
Իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, մինչդեռ, պնդում է. - «Էդ որակներով երիտասարդը չի կարող պաշտոնավարել»:
Բացի լեզվակռիվը, Քննչականի ղեկավարն ու իշխանական պատգամավորը երեկ նաև իրար հակաօրինական գործողությունների մեջ մեղադրեցին։ Աղազարյանը, որի որդին անցնում է քրեական գործով, հայտարարեց, թե գործի քննությունը միտումնավոր է ձգձգվում, և դրանով նաև իր նկատմամբ ճնշումներ են գործադրվում: Քյարամյանն էլ, իր հերթին, ասաց, թե Աղազարյանի որդու գործով երկու անգամ իրեն դիմել են: Պատգամավորը երեկվանից Քննչական ղեկավարին առաջարկում է անուններ հնչեցնել, սակայն կառույցից լռում են:
«Դե թող տա անունը, չտվեց՝ ուրեմն ստախոս ա», - ասում է Աղազարյանը:
«Ազատության»-ը Քննչական կոմիտեից փոխանցեցին՝ խորհրդարանում երեկ արված հայտարարությանն ավելացնելու ոչինչ չունեն: Ուսումնասիրո՞ւմ է արդյոք Քննչական կոմիտեի ղեկավարի հայտարարությունը Գլխավոր դատախազությունը. այս կառույցից էլ առաջարկեցին գրավոր պատասխանել:
«Նրանք նմանակում են իրենց ղեկավարին». իրավապաշտպան
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանին չի զարմացրել տեղի ունեցածը: Ասում է՝ մինչ այս էլ պարզ էր, թե ինչ որակի պատգամավորներ ու Կառավարության անդամներ է ընտրել Փաշինյանը։
«Նրանք նմանակում են իրենց ղեկավարին՝ նրանց ղեկավարը պառլամենտում մոտավորապես նույն կեցվածքն է դրսևորում: Եվ հիմա պատկերացրեք, թե ինչպես են նրանք վարվում այն մարդկանց նկատմամբ, որոնք հայտնվում են իրենց ձեռքում՝ ինչ-որ քրեական գործով: Էդ ոճը, էդ հայացքը՝ էդ ամեն ինչը պետք է թելադրի, չէ՞, մեզ, պետք է հուշի, թե ինչպես կարող են նրանք վերաբերվել մարդու նկատմամբ, որը չի տալիս համապատասխան կամ պահանջվող ցուցմունքներ», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Հարությունյանը:
Անցած տարի «Հետք»-ն էր գրել, թե ինչպես է Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում ընդունել անհետ կորածների հարազատներին, ապա նրանց դժգոհություններից վրդովված՝ նրանցից մեկի հետ վիճել, քաշքշել օձիքից: Իսկ ակտիվիստ Տիգրան Առաքելյանն ահազանգել էր, որ հենց կոմիտեում Քյարամյանն իրեն խոշտանգել է: Այս գործով մեղադրյալ չկա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տիգրան Առաքելյանը պնդում է՝ Քննչական կոմիտեի ղեկավարն անձամբ է իրեն խոշտանգել. կառույցը պնդումն անհիմն է համարում