«Սիներջի»-ի գործով անցնող 8 մեղադրյալներից 6-ն ազատվել են քրեական հետապնդումից, գործով այժմ անցնում են միայն Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն ու «Սիներջի»-ի ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը, ընդ որում՝ տնային կալանքի տակ է միայն Քերոբյանը։
Երեկ դատախազությունը տեղեկացրեց, որ պետական գնմանը վերաբերող պաշտոնեական դիրքի չարաշահման այս գործով անցնող մեղադրյալներից 5-ը ընդունել են մեղքը, զղջացել, համագործակցել քննչական մարմնի հետ և արդյունքում ազատվել քրեական հետապնդումից, 6-րդ անձի դեպքում պարզվել է, որ այդ մարդը կապ չունի իրեն մեղսագրվող արարքի հետ։
Նախկինում մեղքը չընդունած ու հիմա փաստորեն զղջման գնացած 5 անձանց շարքում են «Սիներջի»-ի նախկին աշխատակից, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը և Էկոնոմիկայի արդեն նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը։
Քերոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանը, մեկնաբանելով տեղի ունեցածը, պնդել է, որ աշխատակիցները գործարքի են գնացել:
«Երբ գործի նյութին ծանոթանում ես, հասկանում ես, որ ոչ թե մեղքն ընդունելու հարց էր, այլ այս մարդիկ գործարքի են գնացել, քանի որ եթե մարդը ցուցմունքով ասում է բաներ, որ չեն համապատասխանում մեղադրանքին, պնդում է դրանք, բայց հետո ասում է՝ լավ ես մեղավոր եմ, դա լրիվ այլ պատմություն է», - Civic-am-ին ասել է Եգորյանը։
Պաշտոնական դիրքի չարաշահմանն օժանդակելու համար մեղադրվող, «Սիներջի» ընկերության ղեկավար Հովհաննիսյանի դիրքորոշումը, ինչպես փոխանցում է նրա պաշտպան Գոռ Օհանյանը, չի փոխվել։ Վերջինս ևս չի բացառում, որ քննչական մարմնի ու մեղադրյալների միջև կարող էր գործարք տեղի ունենալ։
«Յուրաքանչյուր անձ ինքն է որոշում իր ճակատագիրն ու իր դիրքորոշումը հայտնում է, դա չի կաշկանդում մյուս մեղադրյալի համար դիրքորոշում արտահայտել: Ավելին՝ կարան լինեն բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, որ նմանատիպ միջնորդություն ներկայացնեն», - ասաց Օհանյանը:
Նախկին նախարարը Վահան Քերոբյանը ևս չի փոխել իր դիրքորոշումը, նա չի ընդունում մեղադրանքը, իսկ նրա պաշտպան Տիգրան Եգորյանը վերջին՝ մայիսին տեղի ունեցած ասուլիսին կարծիք էր հայտնել, թե ապացույցների բացակայության պատճառով Քննչական կոմիտեն ու դատախազությունը փակուղում են հայտնվել։
«Սիներջի»-ի գործի մանրամասներից. ըստ Քննչականի, անցած տարի Էկոնոմիկայի նախարարության հայտարարած մրցույթին հայտ ներկայացրած ընկերություններից ընտրվել է ավելի բարձր գին առաջարկած «Սիներջի»-ն, պարտվել՝ ցածր գին առաջարկած «Հարմոնիա»-ն, որը ավելի ուշ դատարան է դիմել ու արդյունքում ինքը հաղթել մրցույթն ու ստացել պատվերի գումարը։ Քննիչները պնդում են, թե նախարարը, նախկին փոխնախարարն ու մյուս աշխատակիցները մրցույթի առաջին փուլից հետո այնպես են փոխել մրցույթի պայմանները, որ «Հարմոնիա» ընկերությունը չկարողանա դրան մասնակցել։
Այսօր չհաջողվեց կապվել Քերոբյանի փաստաբանների հետ ու պարզել՝ արդյոք արդեն 4 ամիս տնային կալանքի տակ գտնվող Քերոբյանին առաջարկ եղե՞լ է Էկոնոմիկայի փոխնախարարի ու մյուս մեղադրյալների նման ընդունել մեղքն ու ազատվել քերական հետապնդումից։ Բայց մինչ այդ մայիսին Եգորյանն «Ազատության»-ն ասել է, որ կասկածներ ունեն՝ Քննչականը երկարաձգում է իր պաշտպանյալի կալանքի ժամկետը, որ այդպիսով ճնշում գործադրելու միջոցով, Քերոբյանից զղջում ստանա։
«Էն, ինչ որ նախաքննական մարմինն ուզում է անի՝ ենթադրաբար այս ճնշման միջոցներով, տալու է իրենց մաքրում, մաքրման հնարավորություն։ Որովհետև այս գործը՝ այն դատարկությամբ, որ դրա մեջ առկա է, կարծում եմ, որ նրանք չեն կարող հանդուրժել հրապարակայնորեն քննարկման հնարավորությունը», - պնդել էր Եգորյանը։
Քննչականից հերքել են փաստաբանի այս մեղադրանքները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քերոբյանի փաստաբանը պնդում է՝ գործի քննությունն առաջ չի գնում