Սիմոնյանն ու Քուրթուլմուշը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Ժնև, 14-ը հոկտեմբերի, 2024թ․

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ երեկվա հանդիպման ժամանակ քննարկել է Հարավային Կովկասում ու տարածաշրջանում խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր, X-իր իր էջում գրել է Սիմոնյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ Քուրթուլմուշին է ներկայացրել Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև պայմանավորվել են հետագայում շարունակել իրենց շփումները։

Հայաստանն ու Թուրքիան 2020 թվականի պատերազմից հետո հատուկ բանագնացներ նշանակեցին հարաբերությունների կարգավորման համար, որոնք արդեն մի քանի հանդիպում են անցկացրել։

Հատուկ բանագնացների վերջին՝ 5-րդ հանդիպումը հուլիսին էր։ Մոտ 2 տարվա դադարից հետո հայ - թուրքական սահմանին հանդիպած բանագնացները միայն վերահաստատեցին նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ բացել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, առանց նախապայմանի շարունակել խոսակցությունը լիարժեք կարգավորման հասնելու համար։ Հայկական կողմը հայտարարել է՝ եթե Թուրքիան քաղաքական կամք դրսևորի, Երևանն ու Անկարան հենց վաղը կունենան կարգավորված հարաբերություններ։

Անկարան, իր հերթին, հայտարարում է, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները փոխկապակցված են և հայ-ադրբեջանական բանակցությունների դրական ելքի դեպքում հայ-թուրքական սահմանը կբացվի։

Երեկ Ժնևում նախատեսված էր հանդիպում նաև Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ, սակայն, հայկական կողմի փոխանցմամբ, ադրբեջանական կողմը չեղարկել է այն։ Սա կլիներ Սիմոնյանի ու Գաֆարովայի երրորդ հանդիպումը։ Նրանք հանդիպել էին այս տարվա մարտին, ապա մայիսին կրկին Ժնևում և պայմանավորվել էին հոկտեմբերին նորից հանդիպել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սիմոնյանի և Գաֆարովայի հանդիպումն անցել է «կառուցողական մթնոլորտում»