Շոլցն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել շուրջ 2 տարվա դադարից հետո

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Մոսկվա, Ռուսաստան, 15-ը փետրվարի, 2022թ.

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Գերմանիայի կառավարությունը՝ նշելով, որ զրույցը տևել է մեկ ժամ։

Սա երկու երկրների առաջնորդների առաջին հեռախոսազրույցն է 2022 թվականի դեկտեմբերից ի վեր։

Գերմանիայի կառավարության խոսնակի փոխանցմամբ՝ կանցլեր Շոլցը Կրեմլի ղեկավարին կոչ է արել դադարեցնել պատերազմը, դուրս բերել զորքերն Ուկրաինայից՝ ընդգծելով, որ Գերմանիան կաջակցի Կիևին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։

Գերմանիայի առաջնորդը Պուտինի հետ զրույցում նաև պնդել է, որ Մոսկվան պետք է պատրաստվի Ուկրաինայի հետ բանակցություններին՝ արդար և կայուն խաղաղության հասնելու համար։

Կրելմի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահը, ստեղծված իրավիճակի համար հերթական անգամ մեղադրելով ՆԱՏՕ-ի վարած քաղաքականությունը, նշել է, որ ռուսական կողմը բաց է բանակցությունների վերսկսման համար։ Նա կրկնել է Մոսկվայի դիրքորոշումը, թե հնարավոր պայմանավորվածությունները պետք է հաշվի առնեն Ռուսաստանի շահերն անվտանգության ոլորտում, հիմնված լինեն նոր տարածքային իրողությունների վրա, և «ամենակարևորը՝ վերանան հակամարտության բուն պատճառները»։

Ըստ ռուսական կողմի՝ Շոլցն ու Պուտինը խոսել են նաև երկկողմ հարաբերությունների մասին։ Պուտինը նշել է «դրանցում առկա հետընթացը»։